«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՉԱՓԵՐ ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մեկ շաբաթ Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքի դատարանում լսվում էր տեղի հինգ բնակիչների գործը խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով։ Բոլոր ամբաստանյալները սեպտեմբերի 14-15-ի իրադարձությունների մասնակիցներ էին, որոնց ընթացքում քաղաքում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններՙ ուղղված տեղի հայ բնակչության դեմ։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Հարավի հայկական «Երկրամաս» թերթը, այդ օրը Կուբանի Սլավյանսկում 15-16 տարեկան դեռահասների ամբոխը, ընդհանուր թվով, ըստ տարբեր տվյալների, 500-ից մինչեւ 700 մարդ, որոնց մեջ նկատվել են նաեւ մեծահասակներ, անցել է քաղաքի փողոցներով, ուր տեղավորված են հայերի կողմից ղեկավարվող տարբեր հաստատություններ (խանութներ, սրճարաններ եւ այլն)։ Ամբոխը այդ հաստատությունների վրա է նետել քարեր, շուռ տվել ավտոմեքենաներ եւ ծեծել հանդիպած հայերին։ Անկարգություններն սկսվել էին քսաներկու տարեկան ռուս մի տղայի թաղումից հետո, որին մեռած գտել էին սեպտեմբերի 10-ի առավոտյան ռեստորանի մոտ, որի տերը հայ է։

Հինգ մեղադրյալները, ինչպես թերթին հայտնել են դատարանում, տարբեր մասնակցություն են ունեցել այդ իրադարձություններին, իսկ նրանցից մեկը, տարիքով ավելի ավագը, «գործելով չմտածված, ելնելով հուզական դրդապատճառներից», ակտիվ մասնակցել է անկարգությունների կազմակերպման գործին։ Դատարանի որոշմամբ նրանք բոլորը ճանաչվել են մեղավոր եւ նրանց պատիժ է սահմանվել, ինչպես նշվում է դատարանի վճռում, «հաշվի առնելով նրանց մասնակցությունը, վերահաս հետեւանքները եւ նրանց անձը բնորոշող հանգամանքները»։ Բոլոր հինգն էլ բնութագրվել են իբրեւ «դրական եւ բարեկանոն քաղաքացիներ, նախկինում քրեական պատասխանատվության չենթարկված, աշխատող եւ սովորող», որի առնչությամբ «դատարանը հնարավոր համարեց նրանց նկատմամբ սահմանել պայմանական պատժամիջոցներ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4