Լոս Անջելեսիցՙ Ռիչարդ Հովհաննիսյանից ստացված հաղորդագրության համաձայն, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն օրերս անձամբ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանին է հանձնել հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» մեդալը։ Արարողությունը տեղի է ունեցել Գլենդեյլում, տեր եւ տիկ. Արթուր Նազարյանների բնակարանում։ Նախագահ Ղուկասյանը գնահատական ջերմ բառերով է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի պատմության ուսումնասիրմանը եւ նրա ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման գործին բերած նրա նպաստի մասին։
Իր հերթին, պրոֆ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ նախագահին ու ժողովրդինՙ իր վաստակի գնահատման համար եւ խոսել 1960-ական թթ. իր կողմից Ղարաբաղը մտավոր կերպով հայտնաբերելու փաստի մասին։
«Մաշտոց» մեդալը պրոֆ. Հովհաննիսյանի ստացած պարգեւատրումների շարքում վերջինն է, գրում է Ռ. Հովհաննիսյանը։ Նախապես նա արժանացել է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի շնորհած «Մեսրոպ Մաշտոց» եւ Արամ Ա կաթողիկոսի «Սբ. Սահակ եւ Սբ. Մեսրոպ» շքանշաններին, ինչպես նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին։ Եվ ոչ միայն։ Պրոֆ. Հովհաննիսյանը, որ UCLA համալսարանում հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամբիոնի վարիչն է, գիտական ու ակադեմիական բազմաթիվ տիտղոսների է արժանացել հայաստանյան եւ ամերիկյան գիտակրթական հաստատությունների կողմից։