Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Ռալստոնը դեկտեմբերի 16-ին մեկօրյա այցով ժամանում է Հայաստան, հաղորդում է «Դե ֆակտո» գործակալությունըՙ վկայակոչելով ՀՀ ՊՆ մամլո գրասենյակը։ Ամերիկացի գեներալին կընդունեն նախագահ Ռ. Քոչարյանը, պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, արտգործնախարար Վ. Օսկանյանը։
«Ազգի» կողմից հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Ռալստոնն արդեն այցելել է Ադրբեջան եւ Վրաստան, այնպես որՙ այս այցը կսահմանափակվի Հայաստանով։
Ադրբեջանում ամերիկացի գեներալը Բաքվի իշխանությունների հետ քննարկել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ունեցած դերին վերաբերող հարցեր։
Հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում առաջնային կլինի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագան։ Ինչպես հայտնի է, 2003 թ. հունիսի 16¬24-ը Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2003» («Համատեղ լավագույն ջանք») բազմազգ զորավարժություններՙ մասնակցությամբ դաշինքի եւ նրա հետ համագործակցող մի շարք պետությունների զինված ուժերի։ Առաջին անգամ (խաղաղ նպատակով) Թուրքիան Հայաստան կուղարկի ռազմական զորակազմՙ բազմազգ զորավարժություններին մասնակցելու։