«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ՛ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական կեղծարարության մեքենան ոլորապտույտի մեջ է քաշում թուրք գիտնականներին, որոնց թվումՙ Սեդաթ Լաչիներին

Անկարայի «Հայկական հետազոտությունների ինստիտուտը» ստեղծվել է երկու տարի առաջ եւ ստանում է Թուրքիայի պետական շրջանակների ֆինանսական, տեղեկատվական աջակցությունը։ Քանի որ պաշտոնական Անկարայի հայկականՙ Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը թշնամական է, հետեւաբար «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» վերլուծությունները եւս պետք է լինեն թշնամական։ Ովքեր հետեւում են այդ վերլուծություններին (www. eraren. org), նկատած կլինեն, որ թուրքական կեղծարարության մեքենան ոլորապտույտի մեջ է քաշում թուրք գիտնականներին, որոնց թվումՙ դոկտոր Սեդաթ Լաչիներին։

«Ազգը», ուշադրությամբ հետեւելով «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» հրապարակումներին, միայն մեկ անգամ է անդրադարձ կատարել, երբ պրն Լաչիները, առանց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը դիտելու, իր նման մի քանի այլ գիտնականների հետ գիրք էր գրել կանադահայ ռեժիսորի ֆիլմի դեմ։ Հակոբ Չաքրյանի հոդվածըՙ «Առանց Էգոյանի «Արարատը» դիտելու դրա մասին գիրք գրելն առնվազն շառլատանություն է», խիստ վրդովեցրել էր Լաչիներին, եւ գիտնականը հարկ էր համարել պատասխանել դրանՙ դիմելով շանտաժի եւ սպառնալիքների։

Ստիպված ենք երկրորդ անգամ անդրադառնալ Սեդաթ Լաչիներինՙ «Հայաստանի հրեական հոռետեսությունը եւ Հայաստան-Իսրայել հարաբերությունները» ընդարձակ (20 համակարգչային էջ) հոդվածի առնչությամբ։ Հոդվածում բերված «փաստերի» գերակշռող մասը կեղծ է, փաստորեն թուրք դոկտորը վերլուծականի հիմքում դրել է կեղծիքըՙ ամեն կերպ փորձելով կաշվից դուրս գալ եւ ընթերցողին համոզել, թե Հայաստանում կա հակահրեականությունՙ անտիսեմիտիզմ, «հայկական հակահրեականությունը հին հայկական սովորություն է»։

«Հայկական հակահրեականությունն օսմանյան շրջանում» գլխում թուրք դոկտորը գրում է, թե կայսրության տարածքում հայերն «անողոքաբար եւ առանց խղճահարության» հարձակվում էին հրեա կանանց, երեխաների եւ տարեցների վրա, ծեծում, հաճախՙ սպանում նրանց։ Օսմանյան կայսրության շրջանում եւ առհասարակ ոչ մի փաստ չի արձանագրվել հրեաների նկատմամբ հայերի բռնության մասին, մինչդեռ պրն Լաչիները հակառակն է պնդումՙ հավանաբար փորձելով միամիտ ընթերցողին շեղել երիտասարդ թուրքերի իրականացրած կոտորածների փաստիցՙ հայերի ցեղասպանություն, հույների եւ մյուս ոչ մահմեդական ժողովուրդների էթնիկ զտումներ, զանգվածային տեղահանում։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ երիտասարդ թուրքերի պարագլուխներից մի քանիսը, որոնց մտահղացմամբ եւ քաջալերանքով իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, եղել են հավատափոխ հրեաներՙ դյոնմեներ։

«Երկրորդ աշխարհամարտ. հայ-ֆաշիստական համագործակցությո՞ւն» հարցական վերնագրով գլխում թուրք գիտնականը խոսում է իբր հայ-ֆաշիստական համագործակցության մասինՙ մի քանի անգամ նշելով Ադոլֆ Հիտլերի անունը։ Իհարկե, պրն Լաչիները հարկ չի համարում մեջբերել Հիտլերի հետեւյալ խոսքերը. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ջարդերը»։ Ո՛չ Լաչիները եւ ո՛չ էլ թուրք մյուս գիտնականները (անշուշտ, կան բացառություններՙ Թաներ Աքչամ, Ռաքըփ Չարաքոլու, Ալի Էրթեմ) չունեն ազնվություն, առավել եւսՙ համարձակություն խոսելու Հայոց ցեղասպանության մասին։ Նրանք կատարում են թուրքական պետության առաջադրանքներըՙ ծավալել հակահայ գործունեություն, ամեն միջոցով հերքել Հայոց ցեղասպանությունը։

Հոդվածի երրորդ գլխում Լաչիները պատմում է ժամանակակից «Հայաստանում եւ Ղարաբաղում հակահրեականության վերելքի» մասին։ Հոդվածագիրը նշում է, թե «հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումից հետո հրեաների մեծամասնությունը ստիպված էր թաքնվել հայ պարտիզաններից», արդյունքումՙ «այսօր Ղարաբաղում հրեաների թիվը 30 է, Հայաստանումՙ հազարից քիչ»։

Ի գիտություն Սեդաթ Լաչիների, ասենք, որ Հայաստանից եւ Ղարաբաղից հրեաների մի մասը հեռացել է ոչ թե «հակահրեականության պատճառով», այլ Իսրայել պետության քաղաքականության արդյունքում։ Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո նոր թափ հաղորդվեց «ալիային»ՙ հրեաների վերադարձին Իսրայել։ Հրեաները հեռացել եւ շարունակում են հեռանալ նախկին խորհրդային հանրապետություններիցՙ կազմակերպված ձեւով։ Հայաստանից հրեաների արտագաղթը համակարգում է մեր երկրում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։ Հայաստանում չկա՛ հակահրեականություն։ Հենց անկախության առաջին տարիներին Երեւանի կենտրոնում կառուցվեց հրեական սինագոգ, որոշ հրեաներ այսօր զբաղեցնում են պետական պաշտոններ, հրեաների համար հրատարակվում է թերթ։ Չի եղել հրեական որեւէ գերեզմանի պղծման որեւէ փորձ, հրեա լինելու պատճառով ոչ ոք չի հետապնդվել, հալածվել։ Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների տիկնայք հրեա են այդ թվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, սակայն դա չի խանգարել, որ վեց տարի շարունակ տիկին Լյուդմիլան կրի «Հայաստանի առաջին տիկին» պատիվը։

Հայաստանում եղել է եւ այսօր էլ, այո՛, կա հրեական պետությանՙ Իսրայելի եւ որոշ հրեա անհատների նկատմամբ դժգոհություն։ Օրինակ, երբ Շիմոն Պերեսը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը Հայոց ցեղասպանությունը որակում է լոկ ողբերգություն, կամ «Ցահալի» զորքերը զավթում եւ ավերում են Բեթղեհեմի հայապատկան ձիթենյաց այգիները, հայկական մամուլի որոշ օրգաններ, այդ թվումՙ «Ազգը», խստիվ դատափետում են։ Բայց սա հակահրեականությո՞ւն է։ Անշուշտՙ ոչ։ Նույն մամուլը երախտապարտությամբ է խոսում հրեա գիտնականների, օրինակ, Յաիր Օուրոնի, պետական գործիչների, օրինակ, Յոսիր Սարիդի մասին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Սեդաթ Լաչիները գրում է, թե հայերը բոլորը հարեւաններինՙ թուրքերին, ռուսներին, վրացիներին եւ պարսիկներին թշնամի են որակում։ Իրականում հակառակն է. հայերը ռուսներին, վրացիներին եւ պարսիկներին համարում են բարեկամ ժողովուրդներ։ Մենք այսօրվա թուրքերին եւս չենք համարում թշնամիներ, բայց թշնամական ենք համարում ժամանակակից Թուրքիայի հայկական, ավելի ճիշտՙ հակահայ քաղաքականությունը։

Վերջում, ի գիտություն թուրք դոկտորի, նշենք, որ Հայաստան-Իրան-Հունաստան համագործակցությունն ընդդեմ Թուրքիա-Իսրայել դաշինքի չէ, ռազմական չէ, այդ համագործակցությանը չեն միացել ո՛չ Սիրիան, ո՛չ Կիպրոսը, ինչպես պնդում է Լաչիները։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Իսրայել երկկողմ հարաբերություններին, ապա պետք է նշենք, որ տնտեսական առումով Թել Ավիվը Երեւանի վեցերորդ գործընկերն է, եւ չի բացառվում, որ մոտակա տարիներին հայ-հրեական քաղաքական եւ մշակութային կապերը հասնեն տնտեսականին։ Ի վերջո, ի տարբերություն, օրինակ, Բյուլենթ Էջեւիթի, որը հրեաներին մեղադրեց արաբների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ, Հայաստանի վարչապետներից եւ ոչ մեկն իրեն նման շռայլություն թույլ չի տվել։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4