«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՇԵՎԱՐԴՆԱՁԵ. «ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ»

Վրաստանի նախագահը երեկ կառավարության նիստում ասել է, որ արդեն երկու-երեք տարի հետո երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Էդ. Շեւարդնաձեն հերքել է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում հնչող թերահավատ պնդումները, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին կարող է անդամակցել առնվազն 10¬15 տարի հետո։ Նախագահը հատկապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ռուսաստանն այլեւս չի խոչընդոտում Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին»։

Այսօր վերսկսվում են ռուս-վրացական բանակցությունները

Վրաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն հայտարարել է, որ հուլիսից դադարեցված ռուս-վրացական բանակցություններն այսօր վերսկսվում են փորձագետների մակարդակով եւ կշարունակվեն երկու օր։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմական ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես Ախալքալաքից ռուսական 62-րդ եւ Բաթումից 12-րդ ռազմակայանների դուրսբերման խնդիրը։ Չնայած վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում նկատվող բարելավման միտումներին, ռազմակայանների դուրսբերման հարցում կողմերի դիրքորոշումները շարունակվում են մնալ կարծր. Մոսկվան պահանջում է առնվազն 10 տարի, Թբիլիսինՙ առավելագույնը 3։

Չեչենները զենքերը կուղղեն դեպի Թբիլիսի

Վերջին օրերին Թբիլիսիում եւ Շեւարդնաձեի վերահսկողության տակ գտնվող այլ շրջաններում սկսված «չեչենական մաքրումները» մտահոգության տեղիք են տվել վրացի փորձագետներին եւ ԶԼՄ-ներին։ «Ռեզոնանսի» օրաթերթը նշում է, որ եթե նման աղմուկով վրացի իրավապահները եւ ուժայինները շարունակեն չեչենական գործողությունները, ապա չեչենները զենքը կուղղեն դեպի Թբիլիսի։ Թերթը հիշեցնում է, որ վրաց-աբխազական պատերազմի տարիներին հենց չեչեններն էին կռվում Վրաստանի դեմ, «գլխատում ծերերին եւ կանանց, ապա այդ գլուխներով ֆուտբոլ խաղում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4