Շնորհել է ԱՄՆ հավատարմագրող կազմակերպությունը
Հայաստանի ամերիկյան համալսարանը 1998 թ.-ից հավատարմագրման գործընթաց էր սկսել ԱՄՆ դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիային։ Համալսարանն ամերիկյան հավատարմագրում ստանալու համար անհրաժեշտ մի շարք քայլեր պետք էր ձեռնարկերՙ համախմբել ֆինանսական միջոցները, ամրապնդել ուսումնական ծրագրերն ու ներքին կառուցվածքը։ Եվ քանի որ համալսարանը չափազանց կարեւորում է կրթության եւ ակադեմիական կառավարման մեջ հնարավոր առավելագույն չափանիշներին հասնելը, վերոհիշյալ գործընթացը խթան հանդիսացավ համալսարանի ուսումնական ծրագրերի կատարելագործման համար։
Ամերիկյան հավատարմագրման գործընթացը ներառում է երեք փուլՙ համապատասխանության, ապա թեկնածուական կարգավիճակների շնորհում եւ հավատարմագրում։
2002 թ. նոյեմբերը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմության մեջ իրադարձային տարեթիվ էրՙ համալսարանին շնորհվեց «Հավատարմագրման թեկնածուի» կարգավիճակ։ Սա նախադեպը չունեցող իրադարձություն է, երբ ԴՔԱԱ-ն նման կարգավիճակ է շնորհում Միացյալ Նահանգների տարածքից դուրս գտնվող համալսարանին։ Նմանապես ՀԱՀ-ի գործունեության ընթացքում եւս առաջին անգամ է, երբ արեւմտյան մասնագետները նման բարձր չափանիշներով են գնահատում համալսարանի ուսումնական ծրագրերի եւ կառավարման որակը։ Այժմ ՀԱՀ-ը հնարավորություն ունի պաշտոնական հարաբերությունն հաստատել ԴՔԱԱ-ի հանձնաժողովի հետ, ինչը նշանակում է հաստատության ճանաչում, որը կարեւորագույն նախադրյալ է հավատարմագրման համար։
ՀԱՀ-ի հավատարմագրման համակարգող կոմիտեի համանախագահ Թեոնի Քոնդոսն իր խոսքում նշել է. «Այս նվաճումն, իրոք, շատ նշանակալից է, եթե նկատի ունենանք այն կրթական եւ մշակութային առանձնահատկությունները, որոնք առկա են Հայաստանի անցումային շրջանում նոր կրթական մոդել ներմուծելու գործում»։ Կալիֆոռնիայի համալսարանի «Կրթություն արտասահմանում» ծրագրի նախկին փոխտնօրեն Քոնդոսը նաեւ նշել է. «Հայաստանի բազմամյա եւ կենսունակ մտավորական ավանդույթները պարարտ հող են ստեղծում ՀԱՀ-իՙ Հայաստանի եւ տարածաշրջանի զարգացմանը նպաստելու նպատակներն ու առաքելությունն իրականացնելու համար»։
Հավատարմագրման թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ՀԱՀ-ն անցել է ինքնավերլուծության եւ գնահատման երկամյա շրջան։ Ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները, ընդգրկվելով համապատասխան աշխատանքային խմբի մեջ, բազմաթիվ քննարկումներ են ունեցել ամերիկյան հավատարմագրման չափանիշների շուրջ։ 2002 թ. հունիսին ԴՔԱԱ-ի 9 ներկայացուցիչներից բաղկացած հանձնախումբն այցելել է ՀԱՀՙ ուսումնասիրելու կրթական ծրագրերի որակը, կազմակերպության կառավարումը եւ կայունությունը, հանդիպել են ՀԱՀ-ի դասախոսական կազմի, աշխատակազմի, շրջանավարտների, գործատուների, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ։
ԴՔԱԱ-ի հանձնախումբն իր դրական գնահատական-զեկույցի մեջ մասնավորապես նշել է, որ «ՀԱՀ-ի մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրերն անկասկած կարող են բավարարել շատ ամերիկյան համալսարանների համապատասխան ծրագրերին ներկայացվող պահանջները»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ