ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայում դեկտեմբերի 14-19-ը կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր։ Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Մշակույթի օրերի շրջանակում կգործի Հայաստանի Ժողարվեստի պետական թանգարանի «Հայաստանի գորգերը» ցուցահանդեսը, որում կներկայացվեն երկրի բոլոր մարզերի գորգագործության նմուշներըՙ 20 գորգ։ Կբացվեն նաեւ Երվանդ Քոչարի եւ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսները։ Դուբայի կինոթատրոններում կցուցադրվեն ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաքը» վավերագրական կինոնկարը, Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը, նաեւ մուլտֆիլմեր։
Արաբական Էմիրությունում հանդես կգան Հայաստանի գուսանական երգի-պարի պետական անսամբլը, ինչպես նաեւ մենակատարներՙ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգչուհի Աննա Մայիլյանը։
Հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը այդ օրերին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա ԱՄԷ ղեկավարների հետ։