ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2004 թ. Հայաստանի եւ Էստոնիայի կառավարությունների միջեւ նախատեսվում է ստորագրել կրթամշակութային համագործակցության համաձայնագիր, որով, ըստ էության, կվերականգնվեն երկու երկրների միջեւ վերջին շրջանում ընդհատված մշակութային կապերը։ Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, մշակույթի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Դիլանյանը։ Նման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը կայացած «Մշակութային կապեր» համաժողովում, որին հրավիրված է եղել նաեւ հայկական պատվիրակությունըՙ նախարարության ներկայացուցիչներ եւ մի շարք անվանի արվեստագետներ։ Ընդ որում, ինչպես ընդգծեց Գոհար Դիլանյանը, էստոնական կողմը շահագրգռված է համաձայնագրի վավերացմամբ։
Նա նշեց նաեւ, որ Էստոնիան ներկայումս ունի 2000 հոգանոց հայկական համայնքՙ գործող հայկական եկեղեցիով եւ կիրակնօրյա դպրոցներով։ Համայնքն այսօր ունի հայոց լեզվի ուսուցանման խնդիր։ Դպրոցահասակ երեխաների մի մասը հաճախում է ռուսական դպրոց, իսկ մյուս մասըՙ էստոնական, եւ, ըստ էության, նրանց մեծ մասը չգիտի հայերեն։ Ծնողների մեծ մասի ցանկությունն է, որպեսզի երիտասարդները կրթություն ստանան Հայաստանում։