«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ X ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Երրորդ անգամ միության նախագահ ընտրվեց

Աստղիկ Գեւորգյանը

Հասարակության, քաղաքական ուժերի եւ հատկապես մամուլի համար շատ պատասխանատու ու լարված ժամանակաշրջանումՙ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին, երեկ ժուռնալիստների միությունը գումարել էր իր X համագումարը։

53 տարվա պատմություն ունեցող ժուռնալիստների միությունն իր շուրջն է համախմբել լրագրողական մի մեծ բանակի, որն օրեցօր համալրվում է։

Լրագրողներն ու լրատվամիջոցները լրջորեն գիտակցում են, որ սեփական վարկանիշն ու անկախությունը պահպանելու համար իրենց առաջնահերթ պարտականությունը հասարակության համար լրատվական բարձրակարգ սպասարկում ապահովելն է, որը պայմանավորված է նախ եւ առաջ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքով։ Երբ անհիմն սահմանափակվում է այդ իրավունքը, ոտնահարվում է ոչ միայն խոսքի, մամուլի ազատությունը, այլեւ հասարակության յուրաքանչյուր անդամի ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Ցավով պետք է նշել, ասաց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը վարչության հաշվետու ելույթում, որ ՀՀ այդ իրավունքն ամրագրված է միայն մեր սահմանադրության 24-րդ հոդվածում։ Հատուկ անդրադարձավ նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին (առաջին տարբերակը), որը մեծ աղմուկ առաջացրեց։ Բարեբախտաբար այս անգամ կարծես թե լսելի եղավ ժուռնալիստների ձայնը եւ առաջարկված փոփոխություններն ու դիտողությունները նոր տարբերակում ընդգրկվեցին։

Տկն Գեւորգյանը մանրամասն ներկայացրեց վերջին հինգ տարիների միության լայնածավալ գործունեությունըՙ բազմաթիվ եւ բազմաբնույթ սեմինարների կազմակերպումը, աջակցությունը վետերան լրագրողներին, նաեւ մի շարք մարզային թերթերին, երիտասարդ լրագրողներին։ Խոսվեց նաեւ, թե ինչպես ժուռնալիստի թեթեւ ձեռքով վարկաբեկման փորձ է արվումՙ հանիրավի հոդվածներ գրելով մեր ճանաչված մտավորականների, արվեստագետների, նաեւ իրենց լրագրող գործընկերների մասին... «Մենք մերժում ենք նման ժուռնալիստիկան, դա ոչ մեկին դափնիներ չի բերել, գրում են ու գրում քենի, չարության ծարավով, մանր վրեժխնդրությամբ, մոլորված, թե լրագրողական սխրանք են կատարում...»։ Վերջերս տարբեր սեմինարների, կլոր սեղանների հանդիպումների ժամանակ շատ քննադատվեցին ժուռնալիստների ինքնակարգավորման, մասնագիտական էթիկայի հարցերը. առաջարկություններ են արվում ստեղծելու «Մամուլի դատարան», «Մամուլի խորհուրդ» կամ «Էթիկայի ազգային հանձնաժողով»։ Կասկածից վեր է, որ այդ կառույցը կնպաստի մեր մասնագիտական համերաշխության ամրապնդմանը, արժանապատվության, բարոյականության բարձրացմանը։ Բազմաթիվ ելույթներ հնչեցին մարզային եւ քաղաքային թերթերի ներկայիս իրավիճակի շուրջ, առաջարկվեցին լուծման բանաձեւեր ու որոշվեց, որ այդ հարցը լուրջ քննարկեն նորընտիր վարչությունը եւ մարզային թերթերի խմբագիրներն ու այդ որոշակի խնդիրների մասին տեղեկացնեն ուրբաթ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ընդունելության ժամանակՙ ակնկալելով որոշ հարցերի պատասխանը։

ՀԺՄ-ն ներկայումս ունի 1567 անդամ, որոնցից 125-ի անդամությունը կասեցված է հանրապետությունից ժամանակավոր մեկնելու պատճառով։ Իսկ վերջին ժամանակաշրջանում միության շարքերը ավելացել են 108-ով։

X համագումարի պատվիրակները միաձայն երրորդ անգամ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրեցին Աստղիկ Գեւորգյանին։ Միության հինգ տարիների աշխատանքը գնահատվեց բավարար։ Ընտրվեցին նոր վարչության կազմՙ 11 անդամով, նոր վերստուգիչ հանձնաժողովՙ 3 անդամով։

Համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 117 լրագրողների հիշատակը, որոնք վերջին տարիներին հեռացել են մեր շարքերից, նրանց թվում էին նաեւ հոկտեմբերի 27-ին անմեղ զոհ դարձած Հենրիկ Աբրահամյանը եւ Հայկ Քոթանյանը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4