«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

Ավարտվեց ֆուտբոլային եւս մեկ մրցաշրջան, որը միջազգային եւ հանրապետական մրցասպարեզներում հարուստ էր զանազան իրադարձություններով։ Ցավոք, ավարտված առաջնությունն ուրախանալու առանձնակի առիթներ չտվեց։ Անհանգստացնում է առաջնությունում իսկապես լուրջ ու անհաշտ մրցակցության բացակայությունը, թիմերի խաղամակարդակների զգալի տարբերությունը, որն էլ հաճախ արտասովոր հաշիվների գրանցման պատճառ էր դառնում։ Նման պայմաններում վարպետության աճի մասին խոսելն ավելորդ է։

Ինչպես եւ նախորդ առաջնությունում, այս անգամ էլ մրցանակային տեղերի համար պայքարող թիմերի քանակը սահմանափակ էր։ Ընդ որում, երկրի չեմպիոնի կոչմանն արժանացած «Փյունիկը» մրցակցությունից դուրս էր, ինչի պերճախոս վկայությունն է 8 միավորի տարբերությունը «Շիրակից», փաստորեն, սուր մրցակցություն ծավալվեց միայն 2-րդ եւ 3-րդ տեղերի համար։ Ուրախալին միայն այն է, որ, ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ արծաթե եւ բրոնզե մրցանակակիրները որոշվեցին իսկապես մարզական ազնիվ պայքարում։ Ցավոք, տարբեր պատճառներով մրցանակային տեղերի համար պայքարին չմասնակցեցին «Արարատը», «Միկան» եւ «Զվարթնոցը», ինչը զգալի չափով նվազեցրեց հետաքրքրությունն առաջնության հանդեպ։ Անհանգստացնում է 4-րդ եւ 5-րդ տեղերի միջեւ միավորների ահռելի տարբերությունը (16)։ Եթե սրան ավելացնենք, որ առաջնության հետնապահներըՙ «Լոռին», «Կոտայքը», «Դինամոն» եւ «Արցախը» չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակիցներինՙ հաճախակի նրանց զիջելով խոշոր հաշիվներով, ապա տխուր պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Դա էր պատճառը, որ մի շարք հանդիպումների ելքը նախապես կարելի էր գուշակել։

Երկրորդ տարին անընդմեջ երկրի չեմպիոնի կոչումը նվաճեց «Փյունիկը»։ Թիմի հաջողությունն օրինաչափ է։ «Փյունիկն» արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսի գլխավորությամբ բոլոր առումներով գերազանցեց մրցակիցներին եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը։ Կարելի է վստահորեն նշել, որ այս տարի չեմպիոնությունը թիմին ավելի հեշտ տրվեց, քան նախորդ առաջնությունում։ Թիմի ցուցանիշներն էլ դա են վկայում։ Նախորդ տարվա համեմատ «Փյունիկը» 6 միավոր ավելի վաստակեց, խփեց 8 գնդակ ավելի, փոխարենը 9 գոլ պակաս բաց թողեց։ Թիմի կազմը լեգեոներներով ուժեղացնելու, իսկապես մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ ստեղծելու ակումբի ղեկավարության ջանքերը ցանկալի արդյունք տվեցին։ «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, իսկ Կիեւի «Դինամոյի» հետ հանդիպումներում դրսեւորեց իր մարտական բնավորությունը։ Ճիշտ է, դինամոյականների հետ խաղը ցույց տվեց, որ իսկապես մարտունակ կոլեկտիվ ստեղծելու գործում դեռեւս անելիքները շատ են։ Կարծում ենք, որ նոր մրցաշրջանում այդ գործընթացը կշարունակվի եւ «Փյունիկն» ավելի հաջող հանդես կգա միջազգային մրցասպարեզներում։ Անհանգստացնում է միայն այն հանգամանքը, որ ներքին առաջնությունում լուրջ մրցակցության չհանդիպելով, «Փյունիկի» ֆուտբոլիստների համար չափազանց դժվար է հարկ եղած դեպքում պայքարի տրամադրվել։

Ինչպես միշտ, առաջնության պարգեւների համար նախանձելի համառությամբ պայքար մղեցին «Շիրակի» ֆուտբոլիստները, որոնք միակն էին, որ պարտության մատնեցին չեմպիոնին, այն էլ մի քանի օր առաջ նրանից կրած ջախջախիչ պարտությունից հետո։ Ապավինելով բացառապես սեփական կադրերին, «Շիրակը» «Սպարտակի» եւ «Բանանցի» հետ համառ մրցավեճում կարողացավ գրավել 2-րդ տեղը։ Գովեստի է արժանի նաեւ «Բանանցը»։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հատկապես վերելքով հանդես եկան առաջնության երկրորդ շրջանում։ Դրան նպաստեց նաեւ թիմում փորձառու մի քանի ֆուտբոլիստների ընդգրկումը։ Թիմն ունի խաղային ձեռագիր, աչքի է ընկնում կամային հատկանիշներով։ «Բանանցը» կարող էր նույնիսկ 2-րդ տեղը գրավել, սակայն վերջնագծում «Շիրակից» կրած պարտությունը ճակատագրական եղավ։ Առաջնության պարգեւների համար մղվող պայքարում ինչ-որ չափով մարզական բախտը չժպտաց «Սպարտակին»։ Համալրված լինելով փորձառու ֆուտբոլիստներով, սպարտակցիները բավական ժամանակ աչքի չէին ընկնում կայուն ու դիտարժան խաղով, թեեւ հաղթում էին մրցակիցներին։ Բայց «Սպարտակն» էլ վերջնագծում վերելքով հանդես եկավՙ վերջապես դրսեւորելով իր ողջ ներուժը։

Այս մրցաշրջանում մեծ էին սպասելիքները, հատկապես «Միկայից», սակայն, ցավոք, դրանք չարդարացան։ Ակումբի ղեկավարությունը հերթական անգամ մարզիչների հերթափոխ կազմակերպեց, ինչը վերջնական արդյունքում բացասաբար անդրադարձավ թիմի մրցելույթների վրա։ Մեկ մրցաշրջանում թիմի ղեկը վստահվեց 5 գլխավոր մարզչի։ Թվում էր, թե նախապատրաստական փուլում «Միկան» գլխավորած Վալերի Գլադիլինին կհաջողվի մարտունակ կոլեկտիվ ստեղծել հրավիրված ռուս լեգեոներներից ու տեղի ֆուտբոլիստներից, մանավանդ որ թիմը մի քանի հագեցած ուսումնամարզական հավաքներ էր անցկացրել Ադլերում։ Սակայն դեռեւս մեկնարկում անհասկանալի պատճառներով թիմից ազատվեց Վալերի Գլադիլինը, իսկ շուտով ակումբի ղեկավարությունը հայտարարեց առաջին շրջանից հետո թիմը լուծարելու իր մտադրության մասին։ Նման մոտեցումն, իհարկե, չէր կարող հոգեբանորեն չազդել ֆուտբոլիստների վրա։ Փաստորեն, ողջ մրցաշրջանում «Միկան» այդպես էլ ոչնչով աչքի չընկավ։ Անհասկանալի էր նաեւ 2-րդ շրջանում «Դինամոյից» եւ այլ ակումբներից մի խումբ ֆուտբոլիստների հրավիրման փաստը, երբ առանց այդ էլ հիմնական կազմում շատերի համար տեղ չէր գտնվում։

Նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր «Զվարթնոցին» էլ հիմնականում ֆինանսական խնդիրների հետեւանքով չհաջողվեց լրջորեն մրցակցել առաջնության պարգեւների համար։ Իսկ «Արարատը» կազմի հետ կապված դժվարություններ ուներ։ Արկադի Անդրեասյանին, փաստորեն, կրկին հարկ եղավ ձեռնամուխ լինել ֆուտբոլային նոր կոլեկտիվի ստեղծմանը։ Դրա համար ժամանակ էր անհրաժեշտ։ Եվ 2-րդ շրջանում արդեն որոշակիորեն ուրվագծվեց թիմի խաղային ձեռագիրը, թիմը զգալի առաջընթաց ապրեց։ Հուսանք, որ հաջորդ մրցաշրջանում «Արարատը» կրկին կլինի մրցանակային տեղերի համար պայքարող թիմերի շարքում։ Առաջնության 2-րդ կեսում իր խաղը զգալիորեն կայունացրեց «Լեռնագործը»։ Մյուս չորս թիմերը, ինչպես արդեն նշել էինք, խղճուկ տպավորություն թողեցին։ Գլխավոր պատճառն, իհարկե, ֆինանսական անմխիթար վիճակն է, որոնցում հայտնվել են «Լոռին», «Կոտայքը», «Դինամոն», «Արցախը»։

Ինչպես միշտ, այս անգամ էլ որոշ հանդիպումներում մրցավարների կողմից թույլ տրվեցին կոպիտ սխալներ, որոնք ազդեցին խաղի վերջնական արդյունքի վրա։ Արձանագրվեցին նաեւ մրցավարների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փաստեր, ֆուտբոլիստների կողմից անվայելուչ պահվածքի դեպքեր։ Նման տհաճ երեւույթների դեմ հարկավոր է ամենայն խստությամբ պայքարել։

Նոր մրցաշրջանի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, սակայն հարկավոր է հնարավորինս արագորեն, հստակ որոշել առաջնության մրցակարգը, թիմերի քանակը։ Խոսակցություններ կան թիմերի քանակի ավելացման մասին։ Սակայն դժվար թե այդ քայլը դրականորեն ազդի մրցակցության վրա։ Առաջնության անցկացման 11 տարվա փորձն այդ է վկայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4