Հյուսիս Հռենոս¬Վեստֆալիա երկրամասի մայրաքաղաք Դյուսելդորֆում գտնվող սպառողների պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջուրը վտանգավոր էՙ Arsenium-ի (մկնդեղի) մեծ չափի առկայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է NRZ («Նոյե Ռուր-Ռայն ցայթունգ») օրաթերթն իր դեկտեմբերի 10-ի համարում, 31.700 ներկրված շշերից 920-ը մատակարարվել են Դույսբուրգին։ Նախարարության փորձարկմամբ 1 լիտրի մեջ հայտնաբերվել է մինչեւ 0,35 եւ 0,36 միլիգրամ մկնդեղ (թույլատրելի առավելագույն չափաբաժինը մինչեւ 0,05 միլիգրամն է)։ Մինչեւ 3 լիտր «Ջերմուկ» ըմպելուց հետո մկնդեղի ընդունման Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած շաբաթական առավելագույն թույլատրելի չափաբաժինն օրգանիզմում արդեն առկա կլինի, գրում է թերթը։ Լուրը դեկտեմբերի 11-ին հաղորդեց նաեւ գերմանական ռադիոն։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Մեր կողմից հավելենք, որ խնդիրն այնքան էլ կապ չունի «Ջերմուկ» արտադրող ընկերությունների հետ։ Հայաստանի հանքային բոլոր ջրերը բնական վիճակում ունեն նման քանակությամբ arsenium։ Հարցին դեռեւս կանդրադառնանք։