«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Այս տարվա հունիսին Իսպանիայում հրատարակվել է իսպանացի գրող Գոնսալո Գուարշի «Հայկական տոհմածառը» (El arbol armenio) վեպը, որի նյութը Հայոց ցեղասպանության պատմական նկարագրությունն էՙ երկու հայ ընտանիքների ճակատագրի օրինակով։

Գրքի նախաբանը գրել է իսպանացի հայտնի դատավոր Բալտասար Գարսոնը (Baltasar Carzon Real), որի մեջ սեղմ ներկայացվում է հայոց պատմությունը եւ շեշտվում, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունն էր, որի անպատիժ մնալը բերեց Հրեական հոլոքոսթի եւ ապագայի մյուս բոլոր ցեղասպանությունների իրականացմանը (Բոսնիա, Ռուանդա եւ այլն)։

Նախաբանը սկսվում է հետեւյալ տողերով.

«Հայոց ցեղասպանության մասին պատմական նովել գրելը ոչ միայն հաջողություն է, այլեւ պահանջ եւ պարտք է դաժանությամբ սպանված 1,5 միլիոնից ավելի հայերի հանդեպ, որ կարող է համարվել 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը։ 20-րդ դարում 180 մլն մարդ զոհվել է պատերազմների, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների պատճառով, մինչդեռ միայն 24 մլն մարդ է զոհվել բնության արհավիրքներից։ Ակնհայտ է, որ մարդու չարությունն ու այլասերվածությունն ավելի մահացու են, քան բոլոր աղետները միասին։ Համոզվելու համար դիտարկենք վերջերս տեղի ունեցած դեպքերը (Բոսնիան, Ռուանդան, տեռորիստների հարձակումը Նյու Յորքի վրա, Աֆղանստանի պատերազմը, Մերձավոր Արեւելքի պատերազմը)։ Օրեցօր ավելի մտահոգիչ եւ ակներեւ է դառնում համաշխարհային առաջնորդների միջեւ հասկացողության բացակայությունը»։

Բ. Գարսոնը մտորում է. «Անզգայացումը, որ մեզ է պարտադրում տնտեսապես գլոբալիզացված աշխարհը, չպետք է ստիպի կորցնել այն տարրերը, որոնք մեզ միասնական են պահում, որպես միջազգային համայնքի մաս, որը տառապել է եւ կտառապի հզոր ու անընդհատ հարձակումներից։ Հենց դա է, որ մեզ անբաժանելիորեն միավորում է ագրեսորների դեմ եւ որը ստիպում է մեզ զգալ որպես մեր սեփականը մի անձնավորության մահը, տանջանքը կամ կորուստը մոլորակի ամենահեռու անկյունում, որի հետ չունենք ոչ մի կապ։ Ցավոք սրտի, սա այն զգացմունքը չէ, որ առաջնորդում է բազմաթիվ իշխանավորների եւ ռազմական ղեկավարների, որոնք ավերում են այն դրականը, ինչ ունի մարդկությունը։ Այդ պատճառով էլ ողջունելի են այս ստեղծագործության նման գործերը, որոնք դիմում են համաշխարհային խղճին, ինչը, որպես երազանք, մինչեւ այժմ էլ շատերս ենք հետապնդում»։

Այնուհետեւ Գարսոնը գրում է.

«1880-ականների վերջին Օսմանյան կայսրությունում (ներկայիս Թուրքիան) հայ քաղաքացիների թիվը հասնում էր մոտ 2,5 միլիոնի, 1923 թ. հայերըՙ 100 հազարից էլ քիչ էին։ Ի՞նչ պատահեց։ Ինչպե՞ս է հնարավոր, որ կառավարողները, զորքը եւ այդքան անձինք, որոնց մեջ էին գյուղատնտեսներ, աշխատավորներ, փիլիսոփաներ, գրողներ, կորցնեն սթափ մտածողությունը եւ սկսեն էթնիկ զտումներՙ պատրաստելով ռասաների մաքրության եւ կենսական տարածքի գաղափարախոսությունը, որը տարիներ անց կհանգեցներ Հիտլերի կողմից հրեաների հոլոքոսթին»։

Նախաբանի տեքստում կա նաեւ պատմաաշխարհագրական ակնարկ Հայաստանի մասին, որից հետո Գարսոնը գրում է.

«19-րդ դարի վերջից սկիզբ է առնում Նազարյան-Նախուդյան ընտանիքի պատմությունը, որում մենք տեսնում ենք էթնիկական մաքրումների դաժան իրականությունը։ Ցեղասպանությունը, մարդկային չարությունը սահման չունեն, սակայն նաեւ սահման չունեն զոհերի քաջությունը, միասնությունը եւ հաղթահարելու ջանքերը։ Նաեւ ընկալում ենք մի շատ կարեւոր բանՙ անցած ժամանակի ու պաշտոնականորեն գրված պատմության խորքերից մոռացության մատնված հիշողության վերականգնման կարեւորությունը»։

Նազարյան-Նախուդյան ընտանիքի պատմությունը միահյուսվում է բռնակալների պատմության հետ, որոնք գրքում ներկայացված են Օսման Համիդի եւ նրա որդուՙ Քեմալ Համիդի կերպարներով։

Նախաբանի հեղինակը շարունակում է. «Շատ ժամանակ անց զոհերի համառության շնորհիվ, որոնք ցրված են ամբողջ աշխարհով, կբարձրացվի հայերի ցեղասպանության հարցը եւ պատասխանատվություն, թեկուզեւ պատմական, կպահանջվի Թուրքիայիցՙ Օսմանյան կայսրության ժառանգորդից, որը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Նախաբանը վերջանում է Գարսոնի հետեւյալ խոսքերով. «Հարգելով այդքան զոհերի հիշատակը, որովհետեւ անպատժելիությունն անընդունելի է, եւ էթիկայի նորմերից ելնելով միակ ճիշտ եւ ընդունելի պատասխանը կլինի քրեական պատասխանատվության կանչել միջազգային դատարան նրանց, ովքեր, չարաշահելով իրենց իրավունքներն ու իշխանությունըՙ դրանք օգտագործում են անմեղ քաղաքացիների վրա հարձակվելու, սպանելու, առեւանգելու, անհետացնելու կամ տանջելու համար։ Այսպիսով, կունենանք խաղաղ ժամանակ ստեղծված մի իրավական գործիք, որ չնայած վերջ չի տա աշխարհում մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներին, սակայն կլինի կանխիչ եւ ճնշող գործիք, որը համոզիչ կդարձնի պատասխանը։

Շնորհակալություն Գ. Հ. Գուարշին այս ստեղծագործության համար, որը կմիանա ամեն անգամ ավելի բազմաթիվ ձայների, որոնց միջոցով հավատում ենք ուրիշՙ ավելի միասնական, ավելի համախոհ եւ ավելի արդար աշխարհի ստեղծմանը»։

Վերջում կցանկանայի նշել այս իսպաներեն գրքի կարեւորությունը, որը մեկ անգամ եւս շեշտում է պատմական արդարության հաստատման անհրաժեշտությունն այնպիսի դաժան իրողության վերաբերյալ, ինչպիսին է ցեղասպանությունը, որի առաջին զոհը 20-րդ դարի սկզբում դարձավ հայ ժողովուրդը։

ԷԴՈՒԱՐԴ ԽՈՋԱՅԱՆ, Իսպանիայում ՀՀ դեսպան

Ծանոթությունՙ Բ. Գարսոն - Իսպանիայի գերագույն դատարանի անդամ, գլխավոր դատաքննիչ դատավոր, հայտնի է որպես Ա. Պինոչետի ձերբակալման եւ բասկերի ETA տեռորիստական կազմակերպության քաղաքական թեւիՙ «Բատասունա» կուսակցության արգելման որոշման հեղինակ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4