«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ՈՐ ՊԻՏԻ ՏԱ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կլսի Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, ՀՀ առաջին եւ գործող նախագահների նախկին անձնական թարգմանիչ Մուրադ Բոջոլյանի եւ նրա պաշտպան Հովիկ Արսենյանի պաշտպանական ճառը։ «Ազգը», ուշադրությամբ հետեւելով եւ լուսաբանելով դատավարության ընթացքը, հրապարակումներում միշտ օգտագործել է «ՀՀ առաջին եւ գործող նախագահների նախկին անձնական թարգմանիչ» արտահայտությունը։ Դրանով մենք փորձել ենք հնարավորինս չքաղաքականացնել դատավարությունը, քանի որ եթե մեր մամուլում գրվում է, թե տեսե՛ք, թուրքագետ Բոջոլյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչը, ուրեմն դա արվում է միտումնավոր, մեկ անգամ եւս Հայաստանի առաջին նախագահին վարկաբեկելու նպատակով։ Կրկնենք, որ ամբաստանյալ Բոջոլյանը մինչեւ 1998թ. ամառը, այսինքնՙ մոտ վեց ամիս, զբաղեցրել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական թարգմանչի պաշտոնը եւ աշխատանքից ազատվել է ոչ թե Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով, այլ հաստիքի կրճատման պատճառով։

Բայց մեր ասելիքն այլ է եւ վերաբերում է մի շարք հարցերի, որոնց պատասխանը Մուրադ Բոջոլյանի դատավարությունը չէ, որ պիտի տա։

Եվ այսպես, դեռ 1993 թ. ՀՀ արտգործնախարարությունը ՀՀ ազգային անվտանգությունն ապահովող մարմիններից ստանում է տեղեկություն, որ ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչ Մ. Բոջոլյանը կասկածվում է թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, արտգործնախարար Վահան Փափազյանը արտգործնախարարության աշխատակիցների ներկայությամբ իր աշխատակցին անվանում է «թուրքական լրտես»։ Փափազյանի ստորադասները պապանձվում են, որոշ ժամանակ ոչ մի թուրքագետ չի համարձակվում ստանձնել Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնը։ Ո՞վ կհամաձայնի շարունակել մի գործ, երբ նախկինին Փափազյանը որակում է «թուրքական լրտես»։

1996 թ. նախագահի աշխատակազմից Մուրադ Բոջոլյանին առաջարկում են զբաղեցնել ՀՀ նախագահի ավագ թարգմանչի եւ գլխավոր մասնագետի պաշտոնը։ Նման հաստիք չէր եղել, այդ հաստիքը ստեղծում է նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հատուկ Մուրադ Բոջոլյանի համար։ Ինչո՞ւ հատուկ Բոջոլյանի համար. որովհետեւ մինչ Բոջոլյանը նման հաստիք չէր եղել, եւ Բոջոլյանի հեռացումով այդ հաստիքը վերացվեց։

1997 թ. գարնանը ՀՀ նորանշանակ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Մուրադ Բոջոլյանին առաջարկում է տեղափոխվել ԱԳՆ։ Հետաքրքրական է, այն տարիներին եւ այսօր ԱԳՆ աշխատանքի ընդունելիս հետաքրքրվո՞ւմ են մարդկանց անցյալով, ՀՀ անվտանգության մարմիններից պահանջո՞ւմ են «դոսյե»։ Հայրենական ԱԳՆ-ում եւ այն տարիներին, եւ այսօր անտերություն էր եւ է։

1998 թ. գարնանը Մուրադ Բոջոլյանին փորձում է ԱԳՆ տեղափոխել արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը։ Բոջոլյանը կրկին չի համաձայնում։ Ալեքսանդր Արզումանյանը եւ Ալեքսան Հարությունյանը տեղյակ չե՞ն եղել, որ Բոջոլյանը կասկածվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Մեկ այլ դեպք. 1997 թ. ապրիլի վերջերին Հայաստան է գալիս «Ջումհյուրիեթի» թղթակից Սինան Գյոքչենըՙ ԼՂՀ մեկնելու նպատակով։ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունից Թուրքիայի ՄԻԹ-ի հետ համագործակցելու մեջ կասկածվող Մուրադ Բոջոլյանին թախանձագին խնդրում են Գյոքչենին ուղեկցել Ղարաբաղ։ Անհեթեթություն չէ՞։

1998 թ. ՀՀ է ժամանում ՄԻԹ-ի գործակալ որակվող «Հյուրիեթի» թղթակից Ջենք Բաշլամըշըՙ նախագահ Քոչարյանի եւ արտգործնախարար Օսկանյանի հետ հարցազրույց վարելու նպատակով։ Որպես թարգմանիչ հրավիրվում է ՄԻԹ-ի հետ համագործակցելու մեջ կասկածվող եւ այդ կասկածանքով ՀՀ ԱԳՆ-ից 1993 թ. հեռացված Մուրադ Բոջոլյանը։

Նման անհեթեթ պատմությունները այսքանով չեն սահմանափակվում։

Մուրադ Բոջոլյանը նախաքննական ցուցմունքում մանրամասն նկարագրում է թուրք-հայկական գործարար զարգացման թուրքական կողմի համանախագահող Քաան Սոյաքի առաջարկը ՄԻԹ-ի հետ համագործակցելու մասին, նշելով, որ հրաժարվել է Սոյաքի առաջարկից։ Եթե ճիշտ է Բոջոլյանի ցուցմունքը, ուրեմն հաճախակի Հայաստան այցելող Սոյաքը ՄԻԹ-ի գործակալ է, հետեւաբար չպետք է բացառել, որ նա «վերբովկայի» աշխատանքներ է տարել այլ հայերի, կարեւոր հայերի հետ։ Բայց մեզ այստեղ այլ հարց է հետաքրքրում. այսուհետեւ Սոյաքը կայցելի՞ Հայաստան։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4