ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հարցազրույցը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ, Եվրասիայում հակամարտությունների գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Փերինան դեկտեմբերի 11-ին հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Հարցազրույցի գլխավոր թեման հետխորհրդային տարածքի ազգամիջյան չորս հակամարտություններն ենՙ Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղ։ «Մերձդնեստրը հակամարտության մեջ է Մոլդովայի հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունն է, Վրաստանը, փաստորեն, Աբխազիան համարում է բռնակցված տարածք։ Բայց այս բոլորի մեջ կա մեկ ընդհանրություն։ Մերձդնեստրում, Ղարաբաղում, Աբխազիայում բնակվող մարդիկ մտածում են ոչ այնքան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, որքան այն մասին, թե ինչպես ստանան ինքնուրույնություն. Մերձդնեստրն ուզում է լինել ինքնուրույն, Ղարաբաղըՙ նույնպես, Աբխազիան նայում է դեպի Ռուսաստան։ Ստացվում է, որ որոշումը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի, Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ։ Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ը, ո՞րն է ձեր դիրքորոշումը» հարցին Փերինան տալիս է հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, ի վերջո մոդել կա։ Կարծում եմ, որ այդ մոդելը հենց այն է, որ կիրառվեց Հարավսլավիայում։ Օրինակ, ինչպես վճռվեց Բոսնիայի հակամարտությունը... Մենք ենթադրում ենք, որ Մերձդնեստրը կամ Աբխազիան չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթաց է։ Ամեն դեպքում, մենք միջնորդներ ենք եւ ջանում ենք օգնել կողմերինՙ գտնելու որոշումը»։
Թղթակից Մ. Գանապոլսկու մյուս հարցինՙ «Հարավսլավիայում իրավիճակն այլ էր, այնտեղ պատերազմ էր, եւ դուք այդ պատերազմը դադարեցրիք։ Մերձդնեստրի, Ղարաբաղի, Աբխազիայի դեպքում այլ է, այնտեղ չկան ռազմական գործողություններ։ Այդ տարածքները պետք է կամ վերադարձվեն համապատասխանաբարՙ Մերձդնեստրըՙ Մոլդովային, Ղարաբաղըՙ կամ Հայաստանին, կամ Ադրբեջանին, Աբխազիանՙ Վրաստանին, կամ... Իրականում դուք կարո՞ղ եք օգնել, որ, օրինակ, Աբխազիան վերադարձվի Վրաստանին, Մերձդնեստրըՙ Մոլդովային։ Ի՞նչ է մտածում ԱՄՆ-ն», Փերինան պատասխանում է. «Ճիշտ եք, Հարավսլավիայում պատերազմ էր, այնտեղ զգացվում էր կարգավորման կարիք, ձգտումՙ գտնելու որոշում, մասնավորապես Բոսնիայի դեպքում։ Այնտեղ պետք էր մշակել որոշում, թե ինչպես կարող են կողք-կողքի ապրել տարբեր էթնիկ խմբեր։ Ձեր նշած դեպքերում եւս եղել են ռազմական գործողություններ։ Այլ հարց է, որ դրանք ընդհատվել են։ Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսիայի դեպքում պետք է գտնվեն որոշումներՙ շատ լայն ինքնավարություններ Մոլդովայի եւ Վրաստանի կազմում համապատասխանաբար, պետք է լինեն անվտանգության միջազգային համարժեք երաշխիքներ։ Կրկնեմ, միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչելու ոչ Հարավային Օսիայի, ոչ Աբխազիայի, ոչ Մերձդնեստրի անկախությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոքր¬ինչ տարբեր է։ Հակամարտության հետագա կարգավիճակի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները շարունակվում են։ Քանի դեռ չկա որեւէ որոշում այդ բանակցություններից, միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարին եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը»։
Ռուդոլֆ Փերինայի մեկնաբանություններն անչափ ուշագրավ են։ Թերեւս, ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ պաշտոնական տեսակետներ արտահայտող պաշտոնյան, տվյալ դեպքումՙ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկյան եռանախագահը, հստակ տարորոշում է հետխորհրդային տարածքում առկա եւ չլուծված հակամարտությունները։ Առավել, քան պարզ նշում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարբերվում է մերձդնեստրյան, հարավօսական եւ աբխազական խնդիրներից։ Ճիշտ է, պրն Փերինան նշում է, որ միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարին, բայցՙ քանի դեռ շարունակվում են հակամարտող կողմերիՙ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները։ Այսինքնՙ ամերիկյան կողմը ի սկզբանե չի կանխորոշում ԼՂ ապագա կարգավիճակը Ադրբեջանի կազմում։
Եթե ուշադրություն դարձնենք ռուսական կողմի դիրքորոշմանը, ապա կնկատենք, որ էությամբ ամերիկյանից չի տարբերվում։ Նախագահ Պուտինը բազմիցս նշել է, որ Մոսկվան կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար ղարաբաղյան հարցում ընդունելի ցանկացած որոշում։