«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2002-12-12 | #229, 2002-12-13 | #230, 2002-12-14


ԿԻՊՐՈՍԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՙ ԱՌԱՆՑ «ԹՈՒՐՔԱԿԱՆ» ՀԱՏՎԱԾԻ

ՋՈՐՋ ՏԵՐ-ԲԱՐԹՈՂ, Նիկոսիա

Եվրամիությանը միանալուց առաջ Կիպրոսի վերամիավորումն ապահովելու ՄԱԿ-ի փորձերն այս երեկո ձախողության մատնվեցին Կոպենհագենում։ Կիպրոսը որպես լիիրավ անդամ միացավ եվրոպական ընտանիքին առանց Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային հատվածի, ինչպես նաեւ բրիտանական բազաների, որոնք գտնվում են կղզու հարավում։

Առանց վերամիավորման Կիպրոսի ԵՄ անդամ ընդունվելը ծանր հարված էր Թուրքիային, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիային եւ Մ. Նահանգներին, որոնց դիվանագետները կուլիսների հետեւում մեծ ջանքեր էին գործադրում Կիպրոսի երկու հատվածների միջեւ համաձայնություն գոյացնելու եւ Թուրքիայի ԵՄ անդամության հարցն արագացնելու ուղղությամբ։

Ամբողջ օրվա ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլաֆքոս Քլերիդեսը Կոպենհագենում հետապնդվում էր բրիտանացի եւ ամերիկացի դիվանագետների կողմիցՙ ստորագրելու Կոֆի Անանի առաջարկներն ընդունելու մասին ինչ-որ բանաձեւ, ինչը Կիպրոսի իմաստուն նախագահը մերժեց, ասելով, որ նախ պետք է տեսնի, թե ո՞վ է թուրքական կողմից ստորագրելու եւ արդյոք ստորագրելո՞ւ է այն։ Նրա այդ պահանջը չէր կարող իրականանալ, քանի որ Ռաուֆ Դենքթաշըՙ թուրքական հատվածի ղեկավարը, Նյու Յորքում սրտի վիրահատության ենթարկվելուց հետո մեկնել էր Անկարաՙ «հետվիրահատական բարդություններ» պատրվակելով։

Մյուս կողմից, այսօր ցերեկը եւ երեկոյան Նիկոսիայի «թուրքական» հատվածում թուրք կիպրոսցիները ցույցեր սարքեցին Դենքթաշի տան առաջ։ «Դենքթաշը 30 տարի շարունակ մեզ սխալ է առաջնորդում», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մենք ուզում ենք միանալ Եվրոպային որպես միացյալ Կիպրոս», գրված է նրանց վեր պարզած պաստառների վրա։

Վերջին 3 շաբաթվա ընթացքում սա 2-րդ ցույցն է։ Մեծանում է կիպրոսցի թուրքերի դժգոհությունը։ Նրանց մեջ տիրող կարծիքն այն է, որ Դենքթաշի մուկ ու կատու խաղալն ու Թուրքիայի զինվորականների ձգձգման քաղաքականությունը պատճառ դարձան, որ Կիպրոսի կառավարությունն առիթն օգտագործի Եվրամիություն մտնելու առանց թուրքական հատվածի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4