Մեխակ Գեւորգյան. «Աջերն ավելի պրագմատիկ են, ձախերին միավորում է պոպուլիզմը»
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի աջ ուժերի միության նախաձեռնած ԱՊՀ առաջին տարածաշրջանային հավաքը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը եւ «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Պարզաբանում է ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը։
¬ Բացի ԱՊՀ երկրներից, հավաքին մասնակցում էին նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների, Մոնղոլիայի աջ կուսակցությունների ներկայացուցիչները։ Հավաքի առաքելությունը միասնական դեկլարացիայի ստեղծումն էր, որն ուղենշում է այդ ուժերի գործունեության հետագա ռազմավարությունը, այսինքնՙ համագործակցության այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք այդ ուժերին կօգնեն հաջողության հասնել իրենց իսկ երկրներում։ Իբրեւ կարեւորագույն պայման առաջինը նշվեց քարոզչության ճիշտ մեթոդաբանության մշակումը։ Փաստորեն, այն յուրօրինակ փորձի փոխանակում էր ինքնադրսեւորման, ինքնարտահայտման ճիշտ ուղիների որոնման վերաբերյալ, փորձ արվեց կանոնակարգել նաեւ աջ ուժերի գործունեությանը խոչընդոտող պրոբլեմները եւ դրանց հաղթահարման միջոցներ փնտրել։
¬ Աջ ուժերը ո՞րն են համարում իրենց հիմնական խնդիրը։
¬ Սովորաբար աջերն ավելի դժվարությամբ են միաբանվում, քան ձախերը։ Ասում ենՙ ամեն ոք երջանիկ կամ դժբախտ է յուրովի։ Ձախ ուժերին մի շատ հետաքրքրական իրողություն է միացնումՙ պոպուլիզմը։ Նրանք սիրում են շրջանառել անվիճարկելի գաղափարներՙ մենք վատ ենք ապրում, աշխատավարձերը, նպաստները պետք է ավելացվեն եւ այլն։ Մենք էլ ունենք քաղաքական շատ գործիչներ, որոնք իրենց ծրագրերը մշակում են հենց այս հենքի վրաՙ փորձելով հեշտությամբ համակրանք շահել։ Աջերն ավելի պրագմատիկ են, իրատես եւ փորձում են առաջին պլան մղել խնդիրների լուծման միջոցներն ու հնարավորությունները։ Իսկ քանի որ ամեն կուսակցություն յուրովի մոտեցումներ է ցուցաբերում, ընդհանուր հայտարարի գալը դժվարանում է։ Անկասկած, տարածաշրջանի բոլոր երկրներն էլ լիբերալ ճանապարհով շուկայական հարաբերությունների զարգացման ու ինտեգրացման են ձգտում։ Դա հենց աջ գաղափարախոսությունն է։ Բայց ձախերը սահմանափակվում են միայն այդ կարգախոսը հնչեցնելով, իսկ աջերը փորձում են ասելՙ ինչպե՞ս դա անել։
¬ Հավաքը գործողության մեխանիզմներ մշակե՞ց։
¬ Չեմ կարող ասել, թե լուրջ միջոցներ առաջարկվեցին եւ վերջնական եզրահանգումներ եղան։ Այս հավաքն ավելի շուտ հիմնադիր կոնֆերանսի նախապատրաստման առաջին փուլն էր։ Կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա մայիսին, Կիեւում։ Այդ ժամանակ, հավանաբար, աջ ուժերի միությունը հանդես կգա միջազգային կազմակերպության կարգավիճակով։
¬ Այս համագործակցությունն իրական ի՞նչ կարող է տալ հայ աջ ուժերին։
¬ Ցավոք, վերջին 10 տարվա ընթացքում աջ ուժերը զարգացման հարուստ փորձ ու հնարավորություններ չունեցան, փաստացի, երկրի կայացման փուլում աջ գաղափարախոսությունը լիարժեք չի դրսեւորվում, քանի որ մենք դեռեւս չունենք այդ գաղափարախոսության հիմնական կրողինՙ միջին դասին։ Եվ այս իմաստով մեր գաղափարակիցների հետ մեթոդաբանական համագործակցությունը շատ բան կարող է տալ։ Իհարկե, մեզանում, փառք Աստծո, արդեն նշմարվում են միջին դասի ձեւավորման նախադրյալները։ Դրանց երաշխավորը մանր ու միջին բիզնեսի զարգացումն է։ Եվ այս իմաստով, տարբեր երկրների աջ ուժերի փոխշփումներն էական դեր կարող են խաղալ։ Ի դեպ, Ռուսաստանի աջ ուժերի միության համանախագահներից մեկըՙ Իրինա Խակամադան, որ վերջերս եկել էր Երեւանՙ մասնակցելու մեր համագումարին, զբաղվում է հենց այդՙ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ոլորտով։
¬ Ինչպիսի՞ հանդիպումներ եղան, դրսի աջ ուժերն ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի իրենց գաղափարակիցներին։
¬ Մեր բարի հարաբերությունները շարունակում ենք Իրինա Խակամադայի հետ, զրույցներ ունեցա Բորիս Նեմցովի հետ, նրանք երկուսն էլ բավականին փորձ ու դերակատարում ունեն Ռուսաստանի քաղաքական միջավայրում։ Ինչպես ողջ Ռուսաստանի, այնպես էլ այս երկրի աջ ուժերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ է եւ հենց հավաքի ընդհանուր կառույցում Հայաստանի դիրքն էլ առանձնացվում էրՙ նաեւ իբրեւ տարածաշրջանում ռազմավարական գլխավոր գործընկերոջ։ Պարզ է, որ նրանց համար կարեւոր է նաեւ աջ լիբերալ ուժերի զարգացման ճակատագիրը։ Հայաստան իր այցի ընթացքում Իրինա Խակամադան հանդիպեց նաեւ ՀՀ նախագահին։ Նրա բնորոշմամբ, ՀՀ նախագահի հայացքներն այնպիսին են, որ կարելի է հուսալ, թե Հայաստանում միանգամայն բարենպաստ հիմքեր կան աջ ուժերի զարգացման համար։
¬ Տարածաշրջանային այս կամ այն կոնֆլիկտները չանդրադարձա՞ն հավաքի ընթացքի վրա։
¬ Իհարկե, ամեն ինչ հարթ ու առանց պրոբլեմների չանցավ։ Օրինակ, ադրբեջանցիները պնդում էին, որ մեր երկու կողմերի առնչություններն անկարելի են, քանի որ արանքում կա Ղարաբաղը։ Նույնիսկ մեզ մեղադրեցին, թե, իրենց բնորոշմամբ, զավթողական քաղաքականությունն աջ ուժերի գաղափարաբանությանը հակադրվում է, ուրեմն էլ ի՞նչ համագործակցություն։ Մենք, իհարկե, բացատրեցինք, որ դա զուտ ազատագրական պայքար էր, որն աջ կամ ձախ ուժերի գործունեության հետ որեւէ կապ չունի, եւ պիտի տրամաբանական լուծում ունենա։ Վրացիներն էլ առաջ քաշեցին Պանկիսի կիրճի պրոբլեմը։ Բայց նրանք խնդիրը քննարկեցին ոչ թե հակառակորդ դիրքերից, այլ գործընկերների դիտանկյունով։ Եվ եթե հաշվի առնենք, որ ե՛ւ վրացական, ե՛ւ ռուսական կողմը ներկայացնում էին պառլամենտի պատգամավորները, կարելի է եզրակացնել, որ նրանք հետագայում կարող են ներազդել գործողությունների ընթացքի վրա։ Դա, իհարկե, մեծ բան է։ Եվ իմ գնահատմամբ, աջ ուժերի միության ստեղծումն արդեն իսկ մեծ քայլ է։ Արդեն համագործակցության եզրեր ստեղծեցին։ Փոխպարտավորություններ եղան քարոզչական աշխատանքների ընդլայնման վերաբերյալ, այսինքնՙ յուրաքանչյուրն իր երկրում բացատրական լայն գործունեություն պիտի ծավալի ոչ միայն իր կուսակցության, այլեւ միության մասնակից երկրների գաղափարաբանությունը մարդկանց հասցնելու, ինչն այս ասպարեզի համար լուրջ խնդիր է։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ