Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում 3 որոշումների նախագծեր էին, որոնցից միայն 2-րդն է հաստատվել միաձայնՙ փոքր-ինչ խմբագրված։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը։
Համաձայն վերը նշված որոշման նախագծի 11-րդ կետի, տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորելու համար ԱԺ-ում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն (դաշինքի անդամ կուսակցություններ) մինչեւ 2002 թ. հունվարի 10-ն ԱԳՆ է ներկայացնում ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմակերպվող տեղամասերի թվին համապատասխանՙ իր նշանակած մեկական անդամի տվյալները։
Հանձնաժողովի անդամների միջեւ քննարկում ծավալվեց հենց այս կետի կապակցությամբ այն մոտեցմամբ, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, փաստորեն, ստանում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորություններ։ Դրան գումարվում է նաեւ ընտրացուցակները կազմելուՙ համայնքի ղեկավարի լիազորությունը։
Եվ չնայած ԸՕ հ. 51-ով ցուցակները կազմելու եւ ընտրությունները կազմակերպելու գործառույթները դրված են հենց դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, ըստ ԿԸՀ անդամ պրն Եդիգարյանի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չկազմավորելու դեպքում տեղամասային հանձնաժողովների կազմավորմամբ խախտվում է ԸՕ հ. 37-ը։
Ըստ ԿԸՀ նախագահի, նման խնդիր չկա, քանի որ առաջարկված որոշման նախագծով անհրաժեշտություն չի լինի դիվանագիտական ներկայացուցչությունների տալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նաեւ համայնքի ղեկավարի լիազորություններ։
Այս հարցում այլեւս խնդիր չտեսնելովՙ ԿԸՀ անդամները մի որոշ ժամանակ էլ քննարկեցին արտասահմանում կազմված ընտրացուցակներում ճշտումներ կատարելու հարցը, մասնավորապես Հայաստանում կազմված ցուցակների հետ կրկնություններ չլինելու նպատակով։
Ի վերջո, ԿԸՀ-ն 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ արդյունքով քվեարկեց հաստատել որոշման նախագիծը, ավելացնելով, որ ներկայացուցչությունների կազմած ցուցակները կուղարկվեն ԿԸՀՙ համապատասխան համայնքում կրկնվող անունները ընտրացուցակներից հանելու համար։
Օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի «Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու, պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ԿԸՀ-ի կողմից ստուգելու եւ այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելուն։
Լրացումը հիմնականում այն մասին էր, որ պաշտոնաթերթիկներում ստորագրությունների վավերությունը ստուգելիս պետք է հաշվի առնել քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում հայրանվան բացակայությունը (այդպիսի կապույտ անձնագրեր են տրվել անձնագրերը փոխելու սկզբի տարիներին)։ Այսինքնՙ հիշյալ անձնագրերով անձանց ստորագրությունները ստուգելիս հայրանունը չի ստուգվում։
Օրակարգի վերջին կետը վերաբերում էր ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածուների եւ նրանց լիազոր ներկայացուցիչների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու հարցին։
Որոշման նախագծի 4-րդ կետով նախատեսված էր «Միեւնույն տարածքը նույն թեկնածուին ոչ ավելի, քան 2 անգամ մինչեւ 3 ժամ տեւողությամբ» տարբերակ, ինչին հակադրվեց ԿԸՀ նախագահը։ Ըստ նրա, որեւէ թեկնածուին անվճար տարածք տրամադրելու քանակը սահմանափակելը ճիշտ չի լինի։
Առանց հիշված սահմանափակման, որոշման նախագիծը հաստատվեց 6 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստն այսքանով ավարտվեց։ Ի տարբերություն նախորդ մի շարք նիստերի, ԿԸՀ-ն երեկ «քննարկում» էր անցկացնում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ