Խարբերդի ամառանոցային ավանում բնակվողները օրինական կարգավիճակ են ուզում
Իշխանավորներից շատերը չեն հասկացել, որ հասարակության նույնիսկ փոքր հատվածի զրկելով ուշադրությունիցՙ անվերադարձ կերպով նրա անվստահությունն են վաստակում։ Իսկ հետո նաեւ օտարացումը, քանի որ առաջինն իրենք են երես դարձրել նրանից։ Գրեթե մի տասնամյակ այս կամ այն ատյանի դուռը թակելուց հոգնածՙ մարդիկ ի վերջո դիմել են Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպություն (IFES), որին ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Կազմակերպության առաքելությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը սատարելն է, մարդկանց օգնելըՙ ինքնակազմակերպվելու, իմանալու իրենց իրավունքները եւ կռիվ տալու դրանց համար։ Առավել ակտիվ բնակիչների մասնակցությամբ արդեն իսկ ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնց օգնությամբ, ի դեպ, վերջապես պարզեցին, թե որ համայնքի ենթակայության տակ է նախկին ամառանոցը։ Նրանց պատասխանեցինՙ Շենգավիթի, իսկ մինչ այդ բնակիչները դիմում էին Նուբարաշենի, Էրեբունու, նույնիսկ Մասիսի տեղական կառույցներին։ Երեկ IFES -ը կազմակերպել էր հանդիպում սոցիալական խնդիրների ծանծաղուտն ընկած բնակիչների եւ իշխանության ամենատարբեր օղակների ներկայացուցիչների հետ։ Լավ օրից չէ, որ մարդիկ հայտնվել են նախկին այգեգործական ընկերության տարածքում։ Շատերին այստեղ են քշել անհաջողություններն ու փորձանքը։ Մի մասը տոկոսի տակ է ընկել, վաճառել բնակարանն ու եկել այստեղ, մի մասն այգետնակը պատսպարան դարձրած փախստականներ են, մի մասըՙ միայնակ, ծերացած թոշակառուներ։ Սոցիալական ոչ մի ենթակառուցվածք չի գործում այստեղ։ Տրանսպորտային փոխադրամիջոցները խուսափում են քարուքանդ ճամփաներով ավան մտնել, Խարբերդի դպրոց հասնելու համար երեխաները երկար ճամփա են կտրում։ Ավանը քաղաքին կապող միակ կամուրջը կիսատ-պռատ նորոգումները չեն փրկել, անվերջ փլման վտանգի տակ է։ Միակ բուժկետը գտնվում է բավական հեռուՙ անտառի տակ։ Ինչպես հեռավոր ու խուլ գյուղերումՙ խմելու ջուրը հեռվից դույլերով են բերում։ Տարերայնորեն ձեւավորված բնակատեղում ոչ մի հեռախոս չկա։ Ամենասարսափելին վերջերս ծաղկած գողություններն են, որոնց հեղինակները անչափահաս տղաներ են։ Տարածքը նաեւ թմրամոլների սիրած ապաստանն է, իսկ հասարակական կարգի պահապաններ այստեղ երբեւէ չեն երեւում։ Արդեն 3¬4 տարի աղբահավաք մեքենա չի եկել մոռացված այս անկյունը, փողոցներն իրիկունները մութ են ու մռայլ։
Սակայն միայն սոցիալական խնդիրները չէ, որ անելանելի վիճակի մեջ են դրել մարդկանց։ Տարիներ ի վեր այստեղ ոչ ոք հաշվառում չի անցկացրել։ Հայտնի չէՙ հազա՞ր, թե՞ 5 հազար ընտանիք է ապրում այստեղ (2 թիվն էլ նշում են), բայց ճշմարտություն է, որ բնակիչների մեծ մասը գրանցում չունի, անօրինական կարգավիճակում է։ Նրանց զավակները չափահաս տարիքի հասնելովՙ անգամ անձնագիր չեն կարողանում ստանալ։ Բնակիչներն, իհարկե, կարող են գրանցում ձեռք բերել, եթե սեփականաշնորհեն իրենց հողակտորներն ու այգետնակները։ Սակայն ի վիճակի չեն վճարել Անշարժ գույքի կադաստրում պահանջվող գումարը։ Ի դեպ, հետաքրքրական էր ծառայության ներկայացուցչի եւ նրանց երկխոսությունն այս առթիվ։ Բնակիչները պնդում էին, որ սեփականաշնորհման վկայականի համար իրենցից 150 դոլար են ուզել, դեռ պահանջել են, որ գան, չափագրումներ անող ինժեներին մեքենայով հասցնեն Խարբերդ։ Անշարժ գույքի կադաստրի ներկայացուցիչը փորձում էր հավաստիացնել, որ սեփականաշնորհման վկայական ձեռք բերելու ծախսերը չեն անցնում 10 հազար դրամից։
Իբրեւ իշխանական «ուշադրության» վառ արտահայտություն, բնակիչները միաբերան հիշատակում էին միայն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանը, երբ ավտոբուսներով եկան ու տարան քվեարկելու «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուի օգտին։
Հավաքի նպատակն օրենսդիրների եւ գործադիրի իրական ուշադրությունը գրավելու հերթական փորձն էր։ Կհաջողվի՞ այս անգամ, թե՞ ոչՙ հայտնի չէ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ