«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2002-12-12 | #229, 2002-12-13 | #230, 2002-12-14


ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸՙ ՆՈՐՈՎԻ

«Հայկական միջազգային ավիաուղիները» եվրոպական ավիացիոն շուկայում հաստատվելու հայտ է ներկայացնում։ 2002-ի հունիսին ստեղծված ընկերությունն իր Էյրբաս A 320¬200 օդանավով չվերթներ է իրականացնում Ռուսաստան եւ եվրոպական երկրներ։ Դեկտեմբերի 9-ին ընկերությունն իրականացրեց իր առաջին չվերթը Փարիզ։ «Հայկական միջազգային ավիաուղիների» համար տոնական այս իրադարձությանը մասնակցելու էին հրավիրված ներկայացուցիչներ քաղավիացիայի վարչությունից, «Հայկական ավիաուղիներից», ինչպես նաեւ մի խումբ լրագրողներ։

Մոտ 12 ժամ ուշացումով, այնուամենայնիվ, «Հայկական միջազգային ավիաուղիների» Էյրբասին հաջողվեց թռչել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Պատճառն անբարենպաստ եղանակն էր, ավելի ստույգՙ օդանավակայանի թռիչքուղու, հուսանք որ ժամանակավոր, սեղմ հնարավորություններըՙ առայժմ չկա լուսավորություն։ Այդ օրն օդանավը Երեւանից Փարիզ փոխադրեց 140-ից ավելի ուղեւորի, առաջին տոմսը գնողին եւ օդանավ առաջինը ոտք դնողին ընկերության տնօրենությունը նվերներ հանձնեց։ Վայրէջքը Ֆրանսիայի խոշորագույնՙ «Շարլ դը Գոլ» օդանավակայանում էր։ 1965-ից կառուցվող օդանավակայանը կառուցվում է ու դեռ հիմա էլ շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները։ Տարեկան ընդունում եւ ճանապարհում է շուրջ 20 միլիոն ուղեւորի։

Փարիզյան նորաբաց չվերթը «Հայկական միջազգային ավիաուղիներն» իրականացնում է «Հայկական ավիաուղիների» հետ համատեղ։ Պայմանագրերը Ֆրանսիայի ավիացիոն իշխանությունների հետ «Հայկական ավիաուղիներինն» են, ինքնաթիռը Ansett Worldwide լիզինգային ընկերությունից վարձակալել է «Հայկական միջազգային ավիաուղիները»։

Նախկինում դեպի Եվրոպա չվերթները կատարվում էին TU-154 M օդանավով, սակայն եվրոպական շուկան իր կանոններն է թելադրում, 2000 թ.-ից «Եվրակոնտրոլն» արգելեց խորհրդային արտադրության ինքնաթիռների մուտքը եվրոպական օդային տարածք։ Հայաստանից դեպի եվրոպական երկրներ օդային կապը սկսում է իրականացվել ժամանակակից ինքնաթիռներով։ Դրանք առայժմ երկուսն ենՙ մեկն «Արմավիա» ընկերությանը, մյուսըՙ «Հայկական միջազգային ավիաուղիներինը», սակայն, ինչպես նշեց «Հայկական միջազգային ավիաուղիների» բաժնետեր Հրայր Հակոբյանը, առաջիկայում ընկերությունը կունենա եւս երկու ժամանակակից օդանավ, մինչեւ 2004 թ. ծրագրված է դրանց թիվը հասցնել 5-ի։ Սա, իհարկե, ընկերության թռիչքների քանակի ավելացմանը համընթաց։ Ընդհանրապես, «Հայկական միջազգային ավիաուղիների» նպատակներն են ապահովել Երեւանից եւ դեպի Երեւան փոխադրումների հիմնական ծավալները, լինել Հայաստանում գլխավոր փոխադրողը, ապահովել տարանցիկ ուղեւորափոխադրումներ, բարձրակարգ սպասարկում, խթանել տուրիզմըՙ մեծացնելով ուղեւորափոխադրումների ծավալը։

Փարիզից վերադարձը հինգշաբթի ուշ երեկոյան էր, մինչ այդ, սակայն, փարիզյան ուղեւորությունը հագեցած էր զբոսաշրջությամբ եւ գործնական հանդիպումներով։ «Հայկական միջազգային ավիաուղիների» ղեկավարները եւ «Հայկական ավիաուղիների» ներկայացուցիչները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով, շոշափվեցին ինչպես ընկերություններին, այնպես էլ ավիացիոն խնդիրներին եւ հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր։ Հանդիպում եղավ նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4