Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է
Դեկտեմբերի 13-ին հանրապետության մի շարք օրաթերթերում (այս թվումՙ» Ազգ»-ում) տպագրված Զորի Բալայանի «Տոնածառն ընդամենը խորհրդանիշ է, բայց ոչ կենդանի ծառ» հոդվածի հարցադրումներին Երեւանի քաղաքապետարանը լիովին համաձայն է։
Անհրաժեշտ ենք համարում ընդգծելՙ բնապահպանության նախարարության եւ քաղաքապետարանի գործողությունները փոխհամաձայնեցված են։
Բնապահպանության նախարարի որոշմամբՙ այս տարի հայաստանյան անտառներում եղեւնիներ չեն հատվելու։ Վաճառքի են հանվելու դրսից ներկրված ծառեր։ Իսկ ներկրման խնդիրը քաղաքապետարանի իրավասությունների շրջանակից դուրս է։
Բայց որպեսզի Երեւանում այս տարի եւս չկրկնվի 2001-ի նախադեպը, երբ ամեն քայլափոխի կենտրոնական փողոցներում եղեւնիներ էին վաճառվում, այս տարի Երեւանի քաղաքապետարանը որոշել է ներկրվող եղեւնիների վաճառքի համար համայնքներում հատուկ տեղեր առանձնացնել։ Ընդամենն այսքանը։