«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ»

Գաղափարներ եւ իրականությունՙ ըստ հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների

«Նոյյան տապան» գործակալության վերլուծաբան Հարություն Խաչատրյանը եւ ադրբեջանցի փիլիսոփայության դոկտոր Ալի Աբասովը, Հայաստանում ու Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների ֆինանսական օժանդակությամբ, գրել են գիրք, որը վերնագրված է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ. գաղափարներ եւ իրականություն»։ Գիրքը հրատարակվել է չորս լեզուներովՙ հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն եւ անգլերեն։ Իմ ձեռքի տակ է ռուսերեն տարբերակը։ Ընթերցեցի երկու անգամ, նախՙ որպես ընթերցող, ապաՙ «Ազգի» լրագրող, որը հետեւում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Որպես ընթերցող հավանեցի Հ. Խաչատրյանի եւ Ա. Աբասովի գիրքը, հետաքրքրական էին գրքի բոլոր հինգ գլուխները։ Հեղինակների շարադրանքի լեզուն պարզ էՙ զերծ ավելորդություններից, վերլուծությունները, զուգահեռներ անցկացնելն այլ հակամարտությունների հետՙ հետաքրքիր։ Ինքնին փաստը, երբ հայն ու ադրբեջանցին խիզախում են միասին գիրք գրել, գովելի է։ Վերլուծաբաններն առաջաբանում խոստովանում են, որ իրենց աշխատանքը հասարակությունը միանշանակ չի ընդունի, սակայն «վերջապես անհրաժեշտություն ենք համարում ժողովուրդների միջեւ սկսել ուղիղ երկխոսություն»։

Մենք չենք հավակնում մեր ավագ գործընկերներիՙ Հ. Խաչատրյանի եւ Ա. Աբասովի հեղինակած գրքի «քննիչի» դերին, մյուս կողմիցՙ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ գրքում տեղ գտած մի շարք պնդումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Հեղինակները նշում են, որ պատերազմական գործողությունների հետեւանքով սպանվել է մոտ 50 հազար մարդ երկու կողմից։ Նման թիվ առաջին անգամ է նշվում, անգամ ամենաուռճացված տվյալներովՙ զոհերի թիվը չի անցնում 30 հազարից։ Խոսվում է 1 մլն 50 հազար ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանվածների մասինՙ առանց նշելու աղբյուրը։ Հակված ենք ենթադրելու, որ վերլուծաբանները հիմք են ընդունել Հեյդար Ալիեւի թվերը։ Մինչդեռ եթե վերցնենք ՄԱԿ-ի կամ 1989 թ. մարդահամարի տվյալները, կտեսնենք, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների թիվը մոտ 180 հազար է, իսկ ԼՂՀ-ից եւ ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական նախկին 7 շրջաններից հեռացածներինըՙ մոտ 500 հազար։ Ի դեպ, գրքում մի քանի անգամ նշվում է «բացի ԼՂ-ից եւս վեց շրջան զավթելու» մասին, մինչդեռ հայկական ուժերի վերահսկողության տակ է ամբողջությամբ 5 շրջան եւ մասամբՙ երկուսը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ն զավթելու մասին ձեւակերպմանը, դրան չենք անդրադառնա, որակում չենք տա, քանզի դա արդարության եւ արդարամտության հարց է։ Հիշատակվում է Հայաստանի կողմից ադրբեջանական 20 տոկոս տարածք զավթելու մասին, որի աղբյուրը հավանաբար եւս Հեյդար Ալիեւն է։ Եթե հարգարժան վերլուծաբաններն անտեղյակ են, ապա մենք կարող ենք պարզ մաթեմատիկական հաշվարկներով ցույց տալ, որ հայկական ուժերի վերահսկողության տակ է Ադրբեջանի տարածքի մոտ 8 տոկոսը։ Անգամ եթե մի պահ անվերապահորեն ԼՂ-ն էլ համարենք զավթած տարածք, ինչպես նշում են վերլուծաբանները, ապա կստացվի 13 տոկոս։ «ԼՂ-ն անկլավից վերածվեց Հայաստանի հետ երկու երկրների պետական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով միացած տարածքի», գրում են հեղինակները։ «Գրեթեն» նշանակում է, որ հայկական ուժերը համարյա վերահսկողության տակ են պահում հայ-ադրբեջանական խորհրդային ժամանակների սահմանն ամբողջությամբ, ինչը եւս չի համապատասխանում իրականությանը։

Գրքում խոսվում է հաղորդակցության ուղիների շրջափակման մասին, սակայն չի նշվում, թե ո՞ր կողմն է շրջափակել։ Վերլուծաբաններին հիշեցնենք, որ դեռ 1992 թ. ԱՄՆ-ն ընդունեց 907 ուղղումը, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանն է շրջափակել ՀՀ-ն եւ ԼՂ-ն, հետեւաբար Ադրբեջանը եւ ոչ Հայաստանը կամ ԼՂ-ն զրկվեցին ԱՄՆ կառավարության ուղղակի օգնությունից։ Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ ԼՂ-ի շրջափակումը սկսվել է տակավին 1989-իցՙ մինչեւ ղարաբաղյան պատերազմի սկիզբը։

«Այսպես կոչված հանրաքվեներն անց են կացվել առանց ադրբեջանական բնակչության մասնակցության, այն պայմաններում, երբ տարածաշրջանը ենթարկվել էր էթնիկ զտումների», գրում են հեղինակները։ Մինչդեռ ԼՂՀ-ում հանրաքվե է անցկացվել 1991 թ. դեկտեմբերի 10-ին, երբ ոչ մի ադրբեջանցի չէր հեռացել Ղարաբաղից։ Անհասկանալի է, թե ինչու խոսք չկա Ղարաբաղից հայերի էթնիկ զտումների մասին կամ չի հիշատակվում 1992 թ. ամառը, երբ ԼՂՀ տարածքի մոտ 40 տոկոսը զավթել էին ադրբեջանական բանակի ուժերը։

«Կիպրոսյան մոդելը, ըստ հայկական կողմի, փոխզիջումային է», պնդում են գրքի հեղինակները։ Հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂ հարցի ենթատեքստում ընդունելի է Կիպրոսի խնդրի հետ զուգահեռներ անցկացնելը։ Հակառակըՙ հայկական կողմն ասում է, որ այդ երկու խնդիրները բնույթովՙ պատմական, իրավական առումներով միանգամայն տարբեր են։

Եվ վերջապես, ուզում ենք անդրադառնալ ադրբեջանական «Իմեյջ» վերլուծական կենտրոնի խմբի ղեկավար Ռասիմ Աղաեւի առաջարկած տարբերակին։ Պարզվում է, պրն Աղաեւի առաջարկությունը ձեռագիր տեսքով է, իսկ Հ. Խաչատրյանը եւ Ա. Աբասովը երախտագիտություն են հայտնել պրն Աղաեւին եւ իրենց գրքում դրել վերլուծաբանի տարբերակը։ Աղաեւի առաջարկածը մոտավորապես այն է, ինչ այսօր պաշտոնական Բաքուն է քարոզում. ԼՂ-ն միջազգային ահաբեկչության որջ է, Իրաքի օրինակով պետք է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել եւ նմանօրինակ անհեթեթություններ։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4