«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է

ԼՂՀ կառավարության որոշմամբ, այս տարվա նոյեմբերի 30-ին կառավարությանն առընթեր ստեղծվել է միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչություն։ Մինչ այդ, վերոհիշյալ գործառույթներն իրականացնում էին սոցապ նախարարության համապատասխան ստորաբաժանումները։ Վարչության ստեղծումը այս ոլորտի խնդիրների նկատմամբ գործադիր իշխանության ուշադրության արդյունք է։

Հրադադարից հետո, ցավոք, պատերազմից հյուծված հանրապետությունն ի վիճակի չէր համակողմանիորեն զբաղվելու փախստականների խնդիրներով, առաջին հերթինՙ նրանց բոլորին ապահովելու բնակարաններով։

1988 թ. հետո Ադրբեջանի տարբեր տարածքներից Ղարաբաղ են ներգաղթել 75.000 փախստականներ։ Ներկայումս ԼՂՀ-ում պաշտոնապես գրանցված է 23.800 փախստական։ Ընդհանրապես, Արցախում փախստականները բնորոշվում են երկու տեսակովՙ դրսեկ եւ տեղահանումների հետեւանքով բռնագաղթած։

2001 թ. կառավարությունը հաստատել է ԼՂՀ վերաբնակեցման 10-ամյա ծրագիր, որով նախատեսվում է այդ տարիներին երկրում ընդունել մինչեւ 67.000 գաղթականի։ Ծրագիրն իրականացնելու համար սակայն մեծ գումարներ են պետք, որոնք հանրապետության սուղ բյուջեն չի կարող ապահովել։ Նորաստեղծ վարչության խնդիրն է նաեւ ծրագրի իրականացմանը օժանդակելու համար ներգրավել համահայկական կառույցներին եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններին։

Թեպետ վերջին տարիներին իշխանությունների գործադրած ջանքերով նվազել է արտագաղթը, փոխարենը ավելացել է ներգաղթը, սակայն վերաբնակիչներին բնակարանով եւ կենսապայմաններով ապահովելը մնում է առաջնահերթ խնդիր։ Միայն Ստեփանակերտ քաղաքում հերթագրված է փախստականի կարգավիճակ ունեցող 232 ընտանիք, որոնց կառավարության որոշմամբ ծրագրված է ապահովել բնակարանով։ Խնդիրը համեմատաբար հեշտ է լուծվում, եթե նման կարգավիճակ ունեցող ընտանիքները ցանկություն են ունենում վերաբնակվել հանրապետության շրջաններում։ Այն վերաբնակիչները, ովքեր ծննդով ղարաբաղցի են, հայրենիք վերադառնալով, օգտվում են նույն արտոնություններից, ինչ ԼՂՀ քաղաքացիները (թոշակ, բազմազավակության նպաստ եւ այլն)։

ՄՓՎ վարչության ղեկավարի տեսակետովՙ այսօրվա կարեւորագույն խնդիրը Արցախի ծայրամասային գյուղերի զարգացումն է, որտեղ ծրագրով տեղաբաշխվում են վերաբնակիչները։ Այս բնակավայրերում սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը կնպաստի վերաբնակիչների տեղում հաստատմանը։ Նրանց համար պետք է ստեղծել այնպիսի գրավիչ պայմաններ, որ վերջիններս շահագրգռված լինեն այդտեղ ապրելու եւ արարելու։ Դա առաջին հերթին վերաբերում է ինչպես բնակարանների կառուցմանը, այնպես էլ սոցիալական, արդյունաբերական օբյեկտների ստեղծմանը, բիզնես-ծրագրերի շահավետ պայմաններով վարկավորմանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարածքներում ժամանակավոր ապավինած հայորդուն (այս դեպքումՙ արցախածնունդ) զուտ հայրենապաշտական զգացումներով շահագրգռելը քիչ է, որպեսզի նա հայրենի բնօրրան վերադառնա։

Մեր տվյալներով, ԼՂՀ կառավարությունը 2002 թ. պետբյուջեով փախստականների համար կառուցել է 167 բնակարան, իսկ հասարակական կազմակերպությունների օժանդակությամբՙ 310 բնակարան, որտեղ տեղավորվել են գաղթական ընտանիքներ։ Մարդասիրական խողովակներով ստացված միջոցներով վերաբնակեցված վայրերում կառուցվել է 11 դպրոց։ Սակայն, ՄՓՎ վարչության պետ Սերժ Ամիրխանյանի կարծիքով, նման տեմպերը գոհացուցիչ չեն, ջանքերը պետք է կրկնապատկել։ Համաձայն վերաբնակեցման 10-ամյա ծրագրի, ԼՂՀ-ն պետք է տարեկան ընդունի միջինը 1200 ընտանիք, որպեսզի հանրապետության բնակչության թվաքանակը հասնի նախապատերազմյան մակարդակին։

Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրողությունների գնահատմամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով Արցախի ընդհանուր կայունությամբ շահագրգռված մեր համերկրացիների տեսանելի ձգտումները, կարող ենք փաստել, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում Ղարաբաղի վերաբնակեցման ծրագիրը միանգամայն իրատեսական է։ Միեւնույն ժամանակ, չխուսափենք նշել, որ կոնկրետ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմանները դեռեւս հեռու են գրավիչ լինելուց։ Մի համոզիչ փաստ. Ս. Ամիրխանյանի տեղեկատվությամբՙ այսօր 1000-ից ավելի ընտանիքներ ցանկություն են հայտնել մշտական բնակություն հաստատել Արցախում, ընդ որումՙ կոնկրետ դիմումներով, սակայն նրանց ցանկությունը հնարավոր չէ բավարարել այն պատճառով, որ բնակարաններով ապահովելը գործնականում հնարավոր չէ։

Արցախի վերաբնակեցումը ղարաբաղյան քաղաքական խնդրի բաղկացուցիչ մասն է, որի լուծումը ամբողջ հայության խնդիրն է, ոչ պակաս կարեւորությամբ, քան ռազմա-տնտեսական մյուս բոլոր հարցերը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4