Կիրակի օրը «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերում իսկապես այլընտրանքային ֆիլմ էր «պտտվում»։ Խոսքը ժամեր տեւած մի հեռուստանյութի մասին էրՙ Արտաշես Գեղամյանի կենսագրականի պատումներով, գլխավոր մրցակցի դեմ վիրավորական արտահայտություններով։ Ակնհայտորեն ոչ անվճար եթերաժամը ոչ մի բանով չէր տարբերվում հեռուստաընկերության մնացյալ եթերաժամերից։ Եվ դա ակնհայտորեն պատճառաբանված է։
«Վճարովի եթեր» կամ «Քաղաքական գովազդ» մակագրությունը բացառապես անտեղի կլիներ, քանի որ բացահայտ կդարձներ ՀՀ ընտրական օրենսգրքի այն պահանջի խախտումը, համաձայն որի հանրապետության նախագահի թեկնածուները նախ պետք է գրանցվեն որպես այդպիսին, որից հետո հունվարի 21-ից միայն կարող են զբաղվել նախընտրական քարոզչությամբ։
Իհարկե, կիրակնօրյա հեռուստաֆիլմի եւ դրա բովանդակության համար ոմանք հնարավոր կհամարեն «օրինական» բացատրություններ տալու տարբերակը, սակայն դժվար է որեւէՙ «օրինականության» սահմանի մեջ մտցնել ֆիլմում հնչած կարծիքների ու կոչերի քաղաքական բնույթն ու գովազդային մատուցումը։
Երեւանի Դավիթաշեն համայնքի տարբեր համայնապատկերների կադրերի ուղեկցությամբ «փրկիչ» Գեղամյանի ճառերն ու տարատեսակ գնահատականները, Հայաստանի անկախության տարիների քիչ թե շատ նշանակալի դեպքերի մեծ մասում Գեղամյանի «անջնջելի» եւ «անչափելի» մասնակցությունն ու «գլխավոր դերակատարումը» մատուցող ֆիլմը, ոչ ավել ոչ պակաս, հենց քաղաքական գովազդ էր Գեղամյանի «գալստյանը» նախապատրաստելու, «փրկվելիք» ժամանակների գալստյան նկատմամբ համբերություն տրամադրելու անթաքույց փորձ։
Այսպես թե այնպես, առնվազն տարօրինակ է, որ հանրապետության նախագահ դառնալու համար պայքարելու ցանկություն հայտնող որեւէ մեկը նախընտրում է «սեւ տեխնոլոգիաները»ՙ այնքան էլ չմտածելով գունային որեւէ այլ երանգով դրանք աշխատեցնելու մասին։ Էլ չասենք, որ օրենսդրական պահանջներին չենթարկվող որեւէ թեկնածու ճիշտ չի պատկերացնում իր տեղն ու դերը, եթե մտահոգ է ՀՀ նախագահ դառնալու հարցով։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ