«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ՆՈՐ ԳԻՐՔ ՀՅԴ-Ի ՄԱՍԻՆ

Ֆրանսիայում լույս է տեսել քաղաքագիտության դոկտոր, Փարիզի համալսարանի ասիական հետազոտությունների ամբիոնի դասախոս Կայծ Մինասյանի «Հայկական պատերազմ եւ ահաբեկչություն» գիրքը, որը հիմնված է ՀՅԴ-ի 1959¬1998 թթ. գործունեությանը նվիրված նրա դոկտորական թեզի վրա։ Նոր աշխատությունն ընդգրկում է 1970¬1998 թթ., լուսաբանելով մասնավորապես ՀՅԴ-ի հակաթուրքական գործողությունների (1975¬1985) եւ Ղարաբաղի պատերազմի (1988¬1994) ժամանակաշրջանները։

Աշխատության վերաբերյալ Փարիզի «Աշխարհ» թերթը գրում է, որ 1890 թ. իր ստեղծումից ի վեր ՀՅԴ-ն ձգտում է վերականգնել ազատ ու անկախ Հայաստանն իր պատմական տարածքի վրա։ 1970-ական թթ. աշխարհն սկսում է հայկական ահաբեկչության մասին խոսել Արեւելք-Արեւմուտք հարաբերությունների մեղմացման, Հայաստան-սփյուռք փոխանակումների զարգացման պայմաններում։ Համագումարից համագումար կուսակցության զարգացումն ուսումնասիրելովՙ Մինասյանն արձանագրում է մի շարք պառակտումներ գլխավորապես Լիբանանում հաստատված վարչության եւ սփյուռքում գործող մյուս ճյուղավորումների միջեւ։

Շրջադարձ տեղի ունեցավ 1972 թ. Վիեննայի համագումարում, երբ հեղափոխական ահաբեկչությունը մերժող եւ Խորհրդային Հայաստանի հետ մերձեցման ձգտող դաշնակցականները գժտվեցին իրենց ընդդիմախոսների հետ։ Լիբանանի օրինակով պատմական տարածքների ազատագրումն առաջնային դարձավ Հայաստանի անկախության նկատմամբ։ Ստեղծվեց ԱՍԱԼԱ զինված կազմակերպությունը։ ՀՅԴ-ն ստեղծեց իր ահաբեկչական կազմակերպությունըՙ Արդարության մարտիկները։ Կուսակցությունը դաշնակիցներ էր փնտրում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում։ Թուրքիա-ԽՍՀՄ հարաբերությունների բարելավմանը զուգընթաց իրականացվում էին Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերի դեմ ուղղված ահաբեկչություններ։ 1988 թ. ապրիլին ԱՍԱԼԱ-ի ղեկավար Հ. Հակոբյանի առեղծվածային մահը վերջ դրեց հայկական ահաբեկչությանը։

Հեղինակն առաջ է քաշում ահաբեկչության «նպատակահարմարության» հարցը։ Հայերի ահաբեկչական քայլերը, ճիշտ է, աշխարհին ստիպեցին խոսել Հայ դատի մասին, բայց չապակայունացրին Թուրքիան, իսկ որոշ դեպքերում հանրային կարծիքը շրջեցին մեր արդար գործի դեմ։

Վերակառուցման պայմաններում 1988 թ. ՀՅԴ-ն փորձում է վերահաստատվել մայր հայրենիքումՙ անկախություն չպահանջելու պայմանով։ Սումգայիթի ջարդերից հետո ղարաբաղյան հակամարտությունը ռազմական բնույթ է ստանում։ ՀՅԴ-ն վերադառնում է Հայաստան 1990 թ. օգոստոսինՙ պատերազմի թեժ պահին, երբ անկախության նախադրյալներ էին ստեղծվել։ Մինչ ղարաբաղյան շարժումն արմատականանում էր եւ սահմանազատվում Մոսկվայի իշխանություններից, ՀՅԴ-ն շարունակում էր պաշտպանել Գորբաչովին։ Դա հանգեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի, ապա ՀՀՇ-ի հետ կապերի խզման։

ՀՅԴ-ն դատապարտեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի եւ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները։ Հեղինակը, սակայն, նշում է, որ կուսակցությունը չի դատապարտել առհասարակ ահաբեկչությունը որպես պայքարի միջոց։ Նրա կարծիքով, ՀՅԴ-ն չի կարող մշտապես մնալ «պատերազմի եւ խաղաղության միջեւ կեսճանապարհին»։ «Ահաբեկչությունն այլեւս չի կարող փոխարինել նրա քաղաքական ծրագրին», եզրակացնում է հեղինակը։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4