Զորի Բալայանի հոդվածին արձագանքում է բնապահպանության նախարարությունը
Հանրապետության մի շարք թերթերում տպագրած (13 դեկտեմբերի, 2002 թ.) «Տոնածառն ընդամենը խորհրդանիշ է, բայց ոչՙ կենդանի ծառ» հոդվածում Զորի Բալայանն անհանգստություն էր հայտնել, թե բնապահպանության նախարարի հրամանով արգելվել է Ամանորի համար փշատերեւ ծառերի հատումը, սակայն մյուս կողմից մամուլում տեղեկատվություն է հայտնվել այդ ծառերի սանիտարական հատումներ կատարելու վերաբերյալ։ Իրականում փշատերեւ ծառերի ոչ մի տեսակ հատում չի իրականացվելու այս տարի։ Անվանի հրապարակախոսին ըստ ամենայնի շփոթության մեջ է գցել «Նովոյե վրեմյա» թերթի թղթակցուհու թույլ տված վրիպակը, երբ նա, թերթի ընթերցողներին ներկայացնելով բնապահպանության նախարարի հետ ունեցած հանդիպումը, թյուրիմացաբար նշել էր, թե սոճիների հատումն արգելվել է եւ իրականացվելու են միայն սանիտարական հատումներ։
Հիշյալ հրապարակման մեջ պրն Բալայանը բարձրացնում է նաեւ անտառի համար անչափ կարեւոր մի հարցՙ ընդհանրապես հրաժարվել սանիտարական հատումներից։ Այս կապակցությամբ հայտնում ենք, որ բնապահպանության նախարարությունում նույնպես պաշտպանում են այդ մոտեցումը, ավելին, նախարարությունը հանդես է եկել, այսպես ասած, «առանց հատումների անտառ» առաջարկով, սակայն համապատասխան միջոցների բացակայության պատճառով այն կյանքի չի կոչվել։
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն