«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԱՐԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

2002 թ. հանրապետության 10 լավագույն մարզիկները

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին մարզական լրագրողները որոշում են տարվա 10 լավագույն մարզիկներին։ Մարզական լրագրողների ֆեդերացիայի կազմակերպած ավանդական հարցմանն այս անգամ մասնակցեց 44 լրագրող։ Նրանք հարցաթերթիկներում նշել էին 21 մարզիկի ազգանուն։ Միավորների բացահայտ առավելությամբ 2002 թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի այս տարվա չեմպիոն, 28-ամյա Արամ Մարգարյանը։ Նա վաստակել է 438 միավոր։ Արամի հաջողությունն օրինաչափ է։ Նա այս մրցաշրջանում օլիմպիական մարզաձեւերից աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած հայաստանցի միակ մարզիկն է։ Արամն իրեն գերազանց դրսեւորեց Թեհրանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ 60 կգ քաշային ըմբիշների մրցավեճում Արամը մեկը մյուսի հետեւից հաղթանակներ տոնելով, մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց թուրք Դոհանի հետ։ Արամը մրցակցին զիջում էր 2¬3 հաշվով, իսկ երբ գոտեմարտի ավարտին մնացել էր չորս վայրկյան, հայ ըմբիշը գեղեցիկ գցում կատարեց, սակայն մրցավարը չարձանագրեց։ Այսպես, Արամ Մարգարյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով։ Բայց շուտով արդարությունը հաղթանակեց։ Չեմպիոնի կոչմանն արժանացած թուրք մարզիկի արյան անալիզում արգելված խթանիչների օգտագործման հետքեր հայտնաբերվեցին, որի հետեւանքով Դոհանը որակազրկվեց եւ ոսկե մեդալը գտավ իր արժանի տիրոջը։

Մարզական տարին շատ հաջող էր հայ շախմատիստների համար։ ՀՀ տղամարդկանց հավաքականը Բլեդում կայացած շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում փայլուն ելույթներ ունեցավՙ գրավելով 3-րդ տեղը։ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն, ինչն աննախադեպ հաջողություն է կանանց շախմատում։ Բնականաբար, այս հաջողությունները չէին կարող աննկատ մնալ մարզական լրագրողներից։ Հարցման արդյունքներով 2¬4-րդ եւ 7-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Վլադիմիր Հակոբյանը (367 միավոր), Սմբատ Լպուտյանը (288), Լիլիթ Մկրտչյանը (267) եւ Կարեն Ասրյանը (104)։

5-րդ տեղում է ծանր քաշային բռնցքամարտիկ, Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մրցանակակիր Մարատ Թովմասյանը (260 միավոր)։ 6-րդ հորիզոնականը զբաղեցրել է վանաձորցի սամբիստ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր Արթուր Գեւորգյանը (170 միավոր)։ 8-րդ տեղում 95 միավորով հրաձիգ Նորայր Բախտամյանն է, որն աշխարհի առաջնությունում գրավել էր 6-րդ տեղը։ Հաջորդ տեղերում են մարմնամարզիկ, Եվրոպայի առաջնության բազմամարտում 9-րդ տեղը գրաված Վահագն Ստեփանյանը (93 միավոր) եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Ռոման Ամոյանը (72 միավոր)։

Շնորհավորում ենք մրցաշրջան-2002¬ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներինՙ մաղթելով նրանց նորանոր մարզական նվաճումներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4