«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱԿԱՆ

1740 կմ երկարությամբ եւ 2,95 մլրդ դոլար արժողությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը պետք է սկսվեր 2003 թ. վաղ գարնանը եւ ավարտվեր 2005 թ. սկզբներին։ Ընդհանրապես, եթե վերհիշենք պաշտոնական Բաքվի եւ «Բրիթիշ փեթրոլեում» նավթային ընկերությանՙ 90-ականների կեսերին արված հայտարարությունները, ապա նավթատարը վաղուց արդեն պետք է կառուցված լիներ։ Փաստն այն է, որ այսօրՙ 2003-ի նախաշեմին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությունը դեռեւս չի սկսվել։ Հետաձգումն ամեն անգամ ինչ-որ բանով պատճառաբանվում է։ Վերջին անգամ «մեղքը» գցեցին Էդուարդ Շեւարդնաձեի վրա. Հեյդար Ալիեւն անհասկանալի համարեց վրացի իր գործընկերոջ կեցվածքը։ Շեւարդնաձեն համաձայն չէր Բորժոմի կիրճով նավթատարի տարանցմանը, քանզի դա մեծ վնաս կհասցնի հանքային ջրերի արդյունաբերությանը, ընդհանրապես շրջակա միջավայրին։ Նավթատարի կառուցմամբ շահագրգռված պետությունների ճնշման տակ Շեւարդնաձեն տեղի տվեց։

Երեկ Բաքվում «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան» ընկերության նախագահ Դեյվիդ Վուդվորդը արել է հայտարարություն, որից կարելի է ենթադրել, որ նավթատարի շինարարությունը ձգձգելու պատճառը բոլորովին էլ Վրաստանը չէ։ Պարզվում էՙ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք նախապես խոստացել էին ֆինանսավորել խողովակաշարի շինարարության 70 տոկոսը, այսինքնՙ տրամադրել մոտ 2 մլրդ դոլար վարկ, դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսել նավթատարի օպերատորիՙ «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան»-ի հետ։ Ըստ «Ռոյթեր» գործակալության, Դեյվիդ Վուդվորդը հայտարարել էր, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները վարկավորման հարցով կզբաղվեն միայն 2003 թ. երրորդ եռամսյակում։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի մասնակից ընկերությունները պարտավորվել են փակել նավթատարի շինարարության ծախսերի 30 տոկոսը, ինչի շնորհիվ եւ 2003 թ. մարտին կսկսվի շինարարությունը», հույս է հայտնել Վուդվորդը։

Վուդվորդի խոսքերից պարզ է դարձել, որ մինչեւ 2008 թ. Ադրբեջանն ի վիճակի չի լինի նավթով «լցնել» կառուցվելիք խողովակաշարը։ Այդ է պատճառը, որ նավթատարի կառուցման ջատագովները հույսը դնում են Ղազախստանի վրա։ Պաշտոնական Աստանան բազմիցս խոստացել է միանալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին։ 2003 թ. սպասվում են ղազախ-ադրբեջանական բանակցություններ, որոնց դրական արդյունքի դեպքում նավթատարի անունը հավանաբար փոխվիՙ Ակտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան։

«Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքավայրերից նավթի արդյունահանումն արդեն 2008-09 թթ. կհասնի տարեկան 50 մլն տոննայի, ինչը եւ հնարավորություն կտա ամբողջությամբ լցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», ասել է Վուդվորդը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4