«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ՊԱՀԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ արք. Աշճյանն այն եկեղեցականներից է, որ հոգեւոր ծառայությանը զուգահեռ զբաղվում է նաեւ հասարակական, ազգային եւ մտավոր գործունեությամբ։ Գրասիրության նկատմամբ նրա սերն ու ակնածանքը արտահայտվել է հատկապես հրատարակչական բեղուն գործունեությամբ։ Իր նախաձեռնություններով աջակցել է մի քանի եկեղեցիների, մասնավորապես Մուղնու Ս. Գեւորգ վանքի վերանորոգման աշխատանքներին։ Այժմ վանական համալիրը բացի եկեղեցական գործունեությունից, զբաղվում է նաեւ հրատարակչական գործունեությամբ եւ առայժմ 200 անուն գիրք է լույս ընծայել։ Վերջիններից մեկն է Մեսրոպ արք. Աշճյանի հեղինակած «Պահն ու յավերժութիւնը» ժողովածուն։ Այս գիրքն ամբողջական ինքնարտահայտում է հայ մարդու, հոգեւորականի, մտավորականի. կյանքի ճանապարհի հետագիծ, որ հետահայաց քննություն է նաեւ արած-չարածի։ Հայաստանի անկախությունից հետո Մեսրոպ արքեպիսկոպոսը վերջնականապես հաստատվեց հայրենիքում, ապրեց այդ տարիների դժվարությունները եւ քրիստոնյայի բարեպաշտությամբ նախաձեռնեց բազմաթիվ ազգանպաստ ծրագրեր։ Նա մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, ղեկավարել է «Մեծն Ներսէս» բարեսիրական կազմակերպությունը, մասնակցել է միջազգային գիտաժողովների, ուխտագնացություններ կազմակերպել Արեւմտյան Հայաստան, եղել է քրիստոնեության 1700-ամյա հոբելյանի կազմակերպման վարիչ-քարտուղար։ Գիրքը բովանդակում է այս տարիների իր գործունեությունըՙ սկսած հայրենիք ներգաղթելու պահից, եւ կարծես յուրահատուկ հաշվետվություն է իր ապրածին, խղճին։ Գիրքն ունի մի քանի բաժիններՙ «Դէպի երկիր», «Դէմքեր, դէպքեր, հանդիպումներ», «Բարի յիշենք Գարեգին Վեհափառը», «Հայոց եկեղեցի-պետութիւն», «Թուխ Մանուկ», «Զրոյցներ եւ հարցազրոյցներ» ենթախորագրերով։

Թեեւ այնքան ցավով է բաժանվել Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմի իր հոտից, որ վերջակետված է իր կյանքը համարել, բայց հայրենիքը նոր կորով եւ ուժ է նրան ներշնչելՙ մղելով ազգաշահ, եռանդուն գործունեության։ Ժողովածուում զետեղված նյութերն Աշճյան սրբազանի իրագործումների վավերագրություններն են, իր տպավորությունները, ապրում-զգացումները։ Պահի, երեւույթի նկարագրությունից բացի հեղինակը պատմական, մշակութային անդրադարձներ է կատարում, որոնք ճանաչողական նշանակություն ունեն. այս ամենըՙ հոգեւորականի խորը իմացության ու կյանքի հարուստ փորձի շնորհիվ։

Այն, որ գիրքը գրված է հոգու մղումով, անկասկած է, իր զրույցն ընթերցողի հետ բաց ու առավել քան անկեղծ է։ Գրությունների ջերմությունը վարակիչ է, ապրումները փոխանցելի։ Ընթերցողի հետ այս արագ մտերմության պատճառը հեղինակի լեզվի հյութեղությունը չէ միայն եւ կամ խոսքի բանաստեղծականությունը, այլեւ ապրված հոգեվիճակների ինքնաբուխ արտահայտությունը։ Գրքի խորագիրն ինքնին արդեն կյանքն իմաստավորելու խորհուրդ եւ խորք է պարունակում. պահի հավերժության ապրումն աներկբա տրվում է բացառիկ դեպքերում, տրվում է ի վերուստ եւ ոչ պատահական եւ ոչ երբեքՙ ամենքին։ Այն կարելի է համարել երանելի անկնթարթ, որ ձեռք է բերվում հոգեւոր մաքառման ճանապարհին։ «Ներկա հատորը այդ բոլոր պահերու պատմութիւնն է, որուն համագումարը յաւիտենութեան նայող եւ յաւիտենական կեանքին յուսացող հայ քրիստոնեայի մը կեանքի պատմութիւնն է եւ վաղուան երազը»։ Աշճյանի համար «ապրումը այնտեղ է, ոգին, գէթ, այնտեղ է»։ Պահի ոգեղենությանն է նաեւ փորձում հաղորդակից դարձնել ընթերցողին Մեսրոպ արք. Աշճյանը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4