Ինչպես արդեն հաղորդել ենք «Ազգի» շաբաթ օրվա (դեկտեմբերի 14-ի) համարում, գերմանական ազդեցիկ «Die Welt» օրաթերթն իր դեկտեմբերի 12-ի համարում տպագրել է «Եթե Թուրքիան ուզում է պատկանել Արեւմուտքին, չպետք է ժխտի Ցեղասպանությունը» վերնագրով Հանս Շտայնի հոդվածը։ Ստորեւ այդ հրապարակումն ամբողջությամբ։
Ամբողջ աշխարհն է (առնվազն Գերմանիայում) բանավիճում այն հարցի շուրջ, թե Թուրքիան կդառնա՞, պե՞տք է դառնա, թե՞ անհրաժեշտ է, որ դառնա եվրոպական ազգությունների բացառիկ ակումբի անդամ։ Թուրքիայի Հանրապետությունը մշակութապես պատկանո՞ւմ է Եվրոպային, թե՞ ոչ։ Ասիան Բոսֆորից չի՞ սկսվում։ Եվ իրականում ի՞նչ է նշանակում «մշակութապես»։ Կամ, այնուամենայնիվ, ի՞նչ է «Եվրոպա» ասվածը։
Առաջարկում եմ «Թուրքիան Եվրոպայի՞ն է պատկանում» նախադասությունը փոխարինել «Թուրքիան Արեւմուտքի՞ն է պատկանում» նախադասությամբ։ Այս դեպքում «Արեւմուտք» ասելով ոչ մի կոնկրետ աշխարհագրական տարածք չենք հասկանում, ոչ էլ կոնկրետ մշակույթ կամ պետություն։ Արեւմուտքը բնորոշվում է անընդհատ ինքն իրեն հարց տալու ցանկությամբ։ Միայն այն երկրները, որոնք համարձակվում են «կեղտոտել իրենց բույնը» կամ ներսում բարձրաձայն խոսել իրենց «կեղտոտ շորերի» մասին, իրավունք ունեն «արեւմտյան» կոչվելու։
Այսպես, Ֆրանսիան արեւմտյան պետություն է, որովհետեւ այնտեղ ամեն մեկը կարող է ազատ եւ բացահայտ խոսել ալժիրյան պատերազմի կտտանքների մասին։ ԱՄՆ-ն արեւմտյան է, քանզի յուրաքանչյուր դպրոցական երեխա տեղյակ է, որ հնդկացիներին կոտորել են, սեւամորթ ստրուկների հանդեպ գործադրվել ոճիրներ։ Բերթոլդ Բրեխտը ժամանակին գրել է. «Թող ուրիշները խոսեն իրենց մեղքերի մասին, ես կխոսեմ իմ սեփական մեղքերի մասին»։ Կարեւոր չէ, որ նա իրոք խոսել է դրանց մասին, բայց այդ արտահայտությունը որպես նշանաբան անտեսանելիորեն ծածանվում է յուրաքանչյուր արեւմտյան պետության դրոշի վրա։ Ազատական ժողովրդավարությունն ապահովվում է խորհրդարանական ընտրություններում, իշխանությունների բաժանման եւ ազատ հավաքույթների բնագավառներում։ Բայց այս բոլոր հիանալի բաները պարզ մաթեմատիկական ֆունկցիաներ ենՙ քողարկելու սեփական պատմության ամոթալի ու մութ էջերը։
Սա հատկապես անհրաժեշտ է Թուրքիային, որն իր պատմության նկուղներում անշնչացած դիակների լեռնակույտեր է պահում։ 1915-ին օսմանցիներն իրագործեցին մեր ժամանակների առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկուկես միլիոն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ։ Այս ցեղասպանությունը լավ փաստագրված է։ Կան գերմանացի գրող Արմին Թ. Վեգների, Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի եւ ավստրիացի զինվորական բանագնաց Պոմիանկովսկիի ականատեսի վկայությունները։ Կան բազմաթիվ զեկուցագրեր եւ հեռագրեր, որոնք վկայում են կատարված ոճրագործության մասին։ Առաջին աշխարհամարտից որոշ ժամանակ անց Թուրքիան ինքը պատրաստվում էր պատժել բոլոր նրանց, ովքեր սառնասրտորեն ծրագրել եւ իրագործել էին կոտորածները։ Բայց շուտով այդ պատրաստակամությունը զիջեց իր տեղը ժխտումներին։
Սա հիմնավորապես անհեթեթություն է, քանի որ թուրքական հանրապետությունը իրավաբանորեն պատասխանատու չէ նախորդ վարչակարգի արարքների համար։ Հակառակ դրան, Թուրքիան մինչեւ օրս պնդում է, որ Հայոց ցեղասպանություն երբեք տեղի չի ունեցել։ Պաշտոնական տարբերակն այնտեղ հետեւյալ կերպ է հնչում. «Առաջին աշխարհամարտի օրերին հայերը ռուսների հետ ապստամբություն էին պատրաստում, որը ճնշվեց։ Կոտորածնե՞ր։ Այո, կային։ Հայերը սպանեցին թուրքերին»։ Այս ձեւով զոհը մի անգամ եւս սպանվում է... ստերի միջոցով։
Թուրքիան պատկանո՞ւմ է Արեւմուտքին։ Թուրքիան ցանկանո՞ւմ է պատկանել Արեւմուտքին։ Եթե այո, ապա Թուրքիան պետք է դադարի վարվել երեխայի նման, որը կարծում է, թե աչքերը փակելով անտեսանելի է դառնում։ Թուրքիան պետք է ի վերջո նայի փաստերի արյունալի երեսին։ Թող թյուրիմացություններ չլինեն։ Ոչ ոք չի պահանջում, որ Թուրքիան ինչ-որ ծառայություն մատուցի հայերին։ Տարածքային կամ նյութական փոխհատուցման պահանջ չի կարող լինել։ Բայց սպանվածների հետեւորդներն իրավունք ունեն տեսնելու, որ Դեր Զորի անապատներ բռնագաղթածները, կտտանքների ենթարկվածները, սովամահ եղածներն ու խեղդված երեխաներն ի վերջո կարողանան ննջել խաղաղ։
Սա ամենից առաջ Թուրքիայի ազգային շահերի օգտին է։ Քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, երբեք ներքին խաղաղություն չի ունենալու։ Իհարկե, այդ երկիրը բավական երկար ճանապարհ է անցել դեպի ազատություն. պետությունն ու կրոնն անջատ են իրարից, գոյություն ունի ընտրված խորհրդարան, եւ մասամբ ազատ է մամուլը։ Բայց Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում մնում է տաբու, փոքրամասնությունների խնդիրները հին մեթոդներով լուծելու գայթակղությունն առկա է։ Քրդերն, օրինակ, այս մասին շատ տխուր պատմություններ կարող են պատմել։ Եթե սեփական մեղքերի աչքերին նայելու ցանկության արդյունքը լիբերալ ժողովրդավարությունն է, ապա երեւի դեռ վաղ է Թուրքիայում «բերքահավաքի» մասին խոսել։