Ամերիկացի որեւէ պաշտոնյա ներողամտություն կհայցի՞ հայերից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայության (ՆՀԾ) նոր կանոնակարգի առնչությամբ հայտարարություն է արել Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։ «ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր ներքին անվտանգության մտահոգություններից, հրահանգ էր արձակել մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայությունում հատուկ գրանցման կանոնակարգ սահմանելու վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ն աշխատանք ծավալեց ԱՄՆ-ի վարչակազմի հետՙ խնդրի մանրամասները հստակեցնելու համար։ Մեր քննարկումների արդյունքում պարզելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ խնդիրներն անմիջական առնչություն չունեն ՀՀ քաղաքացիների հետ, ԱՄՆ վարչակազմը փոփոխություններ է մտցրել կանոնակարգի մեջ, ըստ որի Հայաստանը դուրս է բերվել նշված ցուցակից։ Այս խնդրի առնչությամբ Հայաստանում եւ մեր համայնքում (ԱՄՆ) տիրող զարմանքը լիովին հասկանալի է։ Այսօր մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիների հանդեպ նման քաղաքականություն չի կիրառվի», ասվում է հայտարարության մեջ։
Եթե Հայաստանի անունը չհանվեր ՆՀԾ-ի նոր կանոնակարգից կամ «սեւ ցուցակից», ապա ԱՄՆ մուտք գործող 16 տարեկանը լրացրած արական սեռի ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեին ՆՀԾ-ում գրանցվելՙ այնտեղ թողնելով մատնահետք եւ լուսանկար, շարունակ տեղեկացնել տեղաշարժերի մասին։ Իսկ այն քաղաքացիները, որոնք արդեն ԱՄՆ-ում են, պարտավոր էին գրանցվել, հակառակ դեպքում նրանց սպասում էր արտաքսում։
ՆՀԾ-ի «սեւ ցուցակում» ընդգրկվել է 20 պետություն (որոնց մի մասըՙ ԱՄՆ դաշնակից). Սաուդյան Արաբիա, Պակիստան, Քաթար, ԱՄԷ, Իրաք, Իրան, Լիբիա, Սուդան, Սիրիա, Աֆղանստան, Ալժիր, Բահրեյն, Էրիթրեա, Լիբանան, Մարոկկո, Հյուս. Կորեա, Օման, Սոմալի, Թունիս եւ Եմեն։ Նշյալ երկրների 16-ը լրացրած արական սեռի բոլոր քաղաքացիներըՙ բացառությամբ դիվանագետների, քաղաքական ապաստան փնտրողների, «գրին քարտով» ԱՄՆ մեկնածների եւ մշտական կեցության վկայական ունեցողների, պարտավոր են մինչեւ 2003 թ. հունվարի 10-ը գրանցվել ՆՀԾ-ում։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամլո խոսնակը հայտարարել է, թե Հայաստանի անունը սխալմամբ է ընկել ՆՀԾ-ի նոր կանոնակարգ։ Զարմանալի էՙ ինչպե՞ս կարող էր սխալմամբ մի պետության անուն նշվել, որը որեւէ կապ չունի ահաբեկչության հետ։ Կարելի է երեւակայել, որ, օրինակ, քանի որ Հայաստանի անունը Armenia է եւ հայերը armenian են կոչվում, իսկ անգլերեն arm արմատը զենք է նշանակում, ապա Մ. Նահանգների Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի (Department of Homeland Security), որտեղ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հայերիս սեւ ցուցակագրումն է տեղի ունեցել, բազմակողմանի զարգացած մի պաշտոնյա կարծել է, թե Հայաստանը ռազմականացված մի պետություն է, իսկ հայերըՙ արյունարբու ռազմիկների մի ցեղ, որ ձգտում է ամեն գնով կործանել Ամերիկան, հետեւաբար որոշել է մեզ հատուկ վերաբերմունքի արժանացնել իբրեւ հատկապես վտանգավոր մի ազգի։ Եվ իրականում ամերիկացիները, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները, շատ խելոք են։ Օրինակ, վերջերս, երբ Սպիտակ տունը փորձում էր կապ գտնել «Ալ Ղաիդայի» եւ Սադդամ Հուսեյնի միջեւ, պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարեց, որ «Ալ Ղաիդայի» մի քանի մարտիկներ հաստատվել են Իրաքի հյուսիսում։ Օգնականները պրն Ռամսֆելդին հուշեցին, որ նրա նշած տարածքըՙ Իրաքի հյուսիսը, ամերիկացիների եւ անգլիացիների ռազմական վերահսկողության տակ է։
Համենայն դեպս, ինչպես ամերիկացիներն են ասում, ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում։
Արդյոք ամերիկացի որեւէ պաշտոնյա հրապարակավ ներողամտություն կհայցի՞ հայությունիցՙ անհիմն կասկածամտության եւ պատճառած անհանգստության համար։ Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիներն աշխարհի մյուս պետություններին ռմբահարելու, վարչակարգեր տապալելու եւ այլ մեղքերի համար երբեմն ներողություն են խնդրում։ Իսկ նման դեպքերո՞ւմ։