«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Եվրախորհրդի ուրբաթ օրվա միանշանակ որոշումից հետո Կիպրոսի թուրքական գրավյալ տարածքում լուրջ քաղաքական ճգնաժամ է հասունանում, գրում է Նիկոսիայից «Ազգի» թղթակից Ջորջ Տեր-Բարթողը։ Կղզու այդ տարածքի որոշ քաղաքական խմբավորումների շրջանում, ինչպես նաեւ Թուրքիայում շոշափվում է Ռաուֆ Դենքթաշի անմիջական հրաժարականի հարցը։ Վետերան քաղաքագետին, որին Մ. Նահանգների նախկին նախագահական խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը նկարագրել էՙ «դառնացած մի ծերունի», տեղատարափ հարձակման է ենթարկել տեղի թուրքական մամուլը։ «Ենի դյուզեն» ազդեցիկ թերթն արժանացել է հասարակության ջերմ վերաբերմունքին, որ առաջին էջում տպագրված խորագրով պահանջել է Դենքթաշի հրաժարականըՙ նշելով այդ առթիվ թուրքական Հանրապետական կուսակցության որոշումը, որը Կոպենհագենի արդյունքները կիպրոսցի թուրքերի հանդեպ «դավաճանություն» է որակել Դենքթաշի եւ Անկարայում նրա համախոհների կողմից։

«Օրտամ» թերթը գրել է, որ «այսօրվանից Դենքթաշն այլեւս չի ներկայացնում Կիպրոսի թուրքական համայնքը»։ Այլ թերթեր իրենց խմբագրականներով խստիվ քննադատել են նրա քաղաքական կարիերան, մի բան, որ Թուրքիայի նախկին կառավարության օրոք միայն մի թերթ էր համարձակվել անել եւ այդ պատճառով այնքան խիստ հարձակումների ենթարկվեց, որ խմբագիրը ստիպված է եղել թերթի «Ավրուպա» անունը փոխել «Աֆրիկայի»։

Հետաքրքրական է, որ տեղի թուրքական Հանրապետական կուսակցության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթին Անկարա են կանչելՙ փորձելով վատթարացումից փրկել կղզու թուրքական մասի դրությունը, որ վերջին շրջանում ողողված է եղել Դենքթաշի հրաժարականը պահանջող զանգվածային ցույցերով։ Ինքըՙ Դենքթաշը, որը Մեծ Բրիտանիայում ուսանած իրավաբան է մասնագիտությամբ, քանիցս կրկնել էր ժամանակին, որ Կիպրոսի հարցը «լուծվեց 1974-ին», երբ կղզու 37 տոկոսն օկուպացրեց Թուրքիան։ Այժմ, հակառակ իր դեմ եղած հակազդեցություններին, նա անցյալ շաբաթ Անկարայում հայտարարել է, որ Կիպրոսի ԵՄ անդամակցությունից հետո միակ բանը, որ Թուրքիան պետք է անի, կղզու հյուսիսային մասի պաշտոնական կցումն է Թուրքիային։ Ըստ քաղաքական դիտորդների, Թուրքիայում նրան համամիտ միակ քաղաքական դեմքը նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4