Չնայած թուրքական նորընտիր իշխանությունների բուռն ջանքերին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Անգլիայի համապատասխան ճնշումներին, Եվրամիության կոպենհագենյան գագաթաժողովը տեղի չտվեց Թուրքիայի պահանջներին։ Կոպենհագենում եվրոպական երկրները պարզապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համար վերջնաժամկետի նշանակման հարցը 2004 թ. դեկտեմբերին քննարկելու պատրաստակամություն հայտնեցին։ Ընդ որում, դա պայմանավորեցին այնպիսի նախապայմաններով, ինչպիսիք են երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ու Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի նորացված տարբերակի ընդունումը։
Ինչ վերաբերում է անդամակցության թեկնածու 10 երկրներին, ապա նրանք, գագաթաժողովի որոշումով, 2003 թ. մայիսի 1-ին ԵՄ-ին անդամակցելու հրավեր ստացան։ Ուրեմն, շուտով ԵՄ-ին անդամագրված երկրների թիվը 15-ից կհասնի 25-ի, իսկ դա Թուրքիային կստիպի անդամակցության բանակցությունների հարցը 15-ի փոխարեն քննարկել 25 եվրոպական պետությանՙ այդ թվում Կիպրոսի Հանրապետության հետ։
Ակնհայտ է, որ քանի դեռ Կիպրոսը չի վերամիավորվել, կիպրական իշխանությունները հավանություն չեն տա Թուրքիայի հետ ԵՄ-ի որեւէ բանակցության։ Հարցը, սակայն, սոսկ հավանությունը չէ, այլ Կիպրոսի հյուսիսային հատվածում առկա թուրքական օկուպացիան եւ վերջինի եվրոպական ընտանիքին միացումն առանց այդ հատվածի։ Միացման դեպքում Թուրքիան ինքնաբերաբար հայտնվում է ԵՄ-ի տարածքն օկուպացնողի դերում, ինչը միանգամայն հակասում է եվրոպական այդ կառույցի հետ բանակցությունների տրամաբանությանը։
Այլ կերպՙ կիպրոսյան հիմնահարցի կարգավորումը Թուրքիայի համար դարձել է ԵՄ-ի հետ բանակցությունների անհրաժեշտ նախապայման։ Այդ առումով պատահական չէր Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի քննարկումը ԵՄ-ի կոպենհագենյան գագաթաժողովում, առավել եւս մինչեւ դեկտեմբերի 28-ը համաձայնության գալու պարտավորությունը, որը դրվել է հունական եւ կիպրոսյան կողմի վրա։
Պարտավորության կատարումը ենթադրում է ԵՄ-ին Կիպրոսի Հանրապետության հետ նաեւ կղզու թուրքական հատվածի միացումը։ Այդ ընթացքում Թուրքիան ԵՄ-ի անդամակցության բանակցությունները սկսելու լայն հնարավորություն է ստանում։
Մինչեւ փետրվարի 28-ը Կիպրոսում կողմերի միջեւ համաձայնություն կկայանա՞, թե՞ ոչՙ դժվար է ասել։ Պարզապես գիտենք, որ ԵՄ-ի գագաթաժողովի վերոհիշյալ պարտավորությանը հետեւել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կողմերի միջեւ բանակցությունների սկզբնավորման նախաձեռնությունը։ Թուրքական «Զաման» թերթը դեկտեմբերի 12-ի համարում տեղեկացրել էր, որ Թուրքիան դրականորեն է արձագանքել նախաձեռնությանըՙ հայտնելով բանակցություններն անհապաղ սկսելու թուրքական կողմի պատրաստակամության մասին։
Դեկտեմբերի 13-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսությունը լրացրեց «Զամանին»ՙ ընդգծելով, որ կողմերն արդեն բանակցությունների են անցել, ինչ խոսք, ՄԱԿ-ի հովանու ներքո։ Իսկ «Գյոզջուն» նույն օրվա համարում գրում է Կիպրոսի թուրքական հատվածում Ռաուֆ Դենքթաշի ժողովրդականության աննախադեպ անկման մասին։ Թերթի տվյալներով, վերջին 2 ամսվա ընթացքում Դենքթաշին աջակցողների թիվը թուրք բնակչության շրջանում կրճատվել է մինչեւ 24 տոկոսի։
Եթե ԵՄ-ը անդամակցության բանակցությունների համար վերջնաժամկետի նշանակումը պայմանավորել էր Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ¬ի նոր բանաձեւի նկատմամբ թուրքական իշխանությունների դրական մոտեցումով եւ ծանր կացության մեջ դրել Թուրքիային, ապա ԵՄ-ի գագաթաժողովը կիպրացի թուրքերի առջեւ եվրոպական ընտանիքին միանալու հեռանկար է բացում, թերեւս դրանով էլ ծանր կացություն է ստեղծում Կիպրոսի թուրքական հատվածում իշխող Ռաուֆ Դենքթաշի եւ նրա շրջապատի համար։ Այսպիսով, Կիպրոսի խնդիրը համադրվում է կիպրացի թուրքերի խնդրի հետ։ Համադրման պայմաններում Թուրքիան ակամա կանգնում է թուրքական հատվածի առաջնորդ Դենքթաշին կիպրացի թուրքերին հակազդեցությունից պաշտպանելու խնդրի առջեւ։
Թվում է, թե Կիպրոսի հիմնահարցի կարգավորման առումով այս հակազդեցությունն ավելի քան հեռանկարային է։ Թեեւ Թուրքիան ի վիճակի է հիմնահարցը սակարկել ԵՄ-ի հետ կամ անարձագանք թողնել ՄԱԿ-ի բանաձեւըՙ դիմակայելով նրա գլխավոր քարտուղարի ճնշումներին, նույնիսկ հարցի առնչությամբ խուսանավել ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ, սակայն նա հանուն Դենքթաշի կիպրացի թուրքերին հակազդել չի կարող։ Ի վերջո, Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավումն ու այնտեղ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ստեղծումը թուրքական իշխանությունները տարիներ շարունակ պատճառաբանել են հենց կիպրացի թուրքերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ