«Մեծ տղա» բերելու մոլուցքով
Նախագահական ընտրություններում առաջադրված որ թեկնածուին էլ հարցնես, երկրի գերխնդիր է համարում ազգային անվտանգության, ինքնիշխանության պահպանման ռեսուրսների ստեղծումը։ Նրանց 99 տոկոսը, որքան էլ տարօրինակ թվա, դեռեւս նախընտրական ծրագրեր չունի, հոգ չէ, դա կարող են մեկ-երկու օրում էլ անել, մեծ բան հո չի՞ պահանջվում։ Բայց անկախ դրանից, բոլորն էլ մտովի իրենց այդ ծրագրերում արդեն գրել են, որ պետք է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել այդ անվտանգությունն էլ, ինքնիշխանությունն էլ։
Իրենց այդ մտադրությունը նրանցից շատերը, որքան էլ զարմանալի հնչի, ապացուցել են գործնականորեն։
Բոլոր հարմար առիթներով տարբեր ամբիոններից կոկորդ պատռելով հետեւողականորեն հայտարարել են, թե երկրի ազգային անվտանգությունն ամրապնդելու կամ առնվազն չխարխլելու համար անհրաժեշտ է ռազմավարական նշանակության օբյեկտները չմասնավորեցնել, այն էլ դրսի ուժերին։ Այդ հայտարարությունների հաշվին էլ հիմա նրանք նախագահացուներ են, հո իզուր չէին այսքան տարի քափ ու քրտինքում կորած այդ մասին հասարակությանը լուսավորում։
Բայց որքան հետեւողական են հայտարարություններ հնչեցնելիս, նույնքան նեղ են նրանց պատկերացումներն ինքնիշխանության, ազգային, պետական անվտանգության մասին։
Այլ եզրակացության չես էլ կարող հանգել, երբ նրանց սատարող ուժերը նույնքան ջերմեռանդությամբ ԱԺ-ում կողմ են քվեարկում պարտքի դիմաց 5 ձեռնարկությունների Ռուսաստանին հանձնմանը։ Բայց դա դեռ չարյաց փոքրագույնն է։
Դեռ նախագահական բուն քարոզարշավը չի սկսվել, թեկնածուներն արդեն ձեռ ու ոտ են ընկել, կամ այդպես երեւում է առաջին հայացքից։ Իրար հերթ չտալով մեկ այս պետություն են մեկնում, մեկ այնՙ իրենց չափից դուրս լուրջ «միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչված» ուժ ցույց տալու համար։
Շքերթը բացեց Ստեփան Դեմիրճյանը, որի այցելություններն ԱՄՆ, Հայաստանում ՀԺԿ-ի լիդերի հանդեպ խորհրդավորության ու ակնածանքի մթնոլորտ ստեղծեցին. բա չեք ասի, մարդն ԱՄՆ-ում հենարան է փնտրում, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի։
Հետո ՀԺԿ-ն, իբր թե այդ տրամադրությունները ցրելու համար, սկսեց վանկարկել, թե Դեմիրճյանի այցը զուտ մասնավոր բնույթ ուներ։ Բայց գործն արդեն արված էր։ «Դրսից մեծ տղա բերելու» տարբերակը մյուս թեկնածուներին շատ էր դուր եկել։ Բայց տղերքը, ինչ խոսք, համեստ էին ամերիկաներ հասնելու փոխարեն բավարարվեցին «հին ու բարի ռուսաստաններով»։ Ու... սկսվեց Ռուսաստանի մանր ու միջին պաշտոնյաների դռներն ընկնելը։ Մոլուցքն այն աստիճանի վարակիչ էր, որ մեկ գիշերվա ընթացքում միանգամից երկու թեկնածու էր Մոսկվա թռչում, այն էլ իրարից անկախ։ Կամ էլ չգիտես որտեղից, ինչ խողովակներով հանկարծ հանրությունն իմանում էր, թե հերթականն է թռել ՌԴ մայրաքաղաք, իսկ հետո հայտնի էր դառնում, որ մարդը տաք-տաք անկողնում քնած է եղել ու ոչ մի Մոսկվա էլ չի թռել։
Իհարկե, վերջինիս դեպքում տպավորությունը բոլորովին հակասական արդյունք էր ունենում, եւ անգամ այդ թեկնածուի հնարավորություններն էին թերագնահատվում։ Այնպիսի տպավորություն է, կարծես գոնե մի անգամ Ռուսաստան չգնալը վատ նախանշան է, ու այդ դեպքում տվյալ թեկնածուն զրկվում է նախագահ դառնալու բոլոր շանսերից։ Իսկ ո՞վ նախագահ դառնալ չի ուզում...
Այդ թեկնածուներից շատերը հետո խոստովանում էին, որ այսպես կոչված պաշտոնական շրջանակների հետ հանդիպումներն ու նրանց հովանավորությունն ստանալը չէին մեկնման պատճառը։ Օրինակ, վերջերս Վազգեն Մանուկյանն իր այցի դրդապատճառները մեկնաբանելիս ասաց, թե ընկերներին էր այցելել։ Բա՞, ընտրություններն այդպիսի հատկություն էլ ունեն. մարդու մեջ միանգամից ընկերասիրություն են առաջացնում։ Այս ընթացքում Ռուսաստան մեկնածներից միայն նախագահացու Արամ Կարապետյանն է «պաշտոնապես» հայտարարել, թե իրոք այցի ընթացքում հանդիպել է իր հին գործընկերներին, ու նրանց հետ ոչ թե ընտրություններում իրեն սատարելու, այլ Ռուսաստան-Հայաստան համագործակցության հեռանկարներն են քննարկել։ Խոսք չկա, մյուսների համեմատ Կարապետյանն ակնհայտորեն տիրապետում է քարոզչության նրբերանգներին։
Ընկերասիրությունից ու «ռազմավարական հարաբերությունների խորացումներից» բացի մեր նախագահացուներից մի քանիսին այլ հարցեր էլ են հուզում. ախր, մի բան է թեկնածություն առաջադրելը, մի բանՙ ընտրապայքարին մասնակցելը։ Ժողովուրդն ասում էՙ էշ նստելը մի ամոթ է, իջնելըՙ երկու։ Իսկ էշից իջնելու համար... փող, շա՜տ փող է պետք, որ մեր ծակ գրպաններով կուսակցությունները չունեն։ Իսկ ուշք ու միտքն ուրիշի գրպանումՙ տեղը հանգիստ նստել չի լինում։ Ու մերօրյա մեծապատիվ մուրացկաններն անանձնորեն փարվում են ռուսաստաններին, ամերիկաներին։
Անկեղծ ասած, մեզ նրանց ոչ ընկերասիրությունն է հետաքրքրում, ոչ մուրացկանությունը, ոչ էլ դրսից բերած փողերը։ Կարեւորն, անկախ դրանց արդյունքներից, արդեն արվածի հետեւանքներն են։
Ինքնիշխանությունից խոսող այդ մարդիկ իրենց նետում են դրսի ուժերի գիրկըՙ այս կամ այն նպատակով կամ ծրագրերով, ու, թերեւս, մոռանում, որ փոխադարձ շահեր ասվածը նաեւ շատ հստակորեն արտահայտված պարտավորություններ է ենթադրում։ Իսկ նման բեռով նախագահ դառնալու հետեւանքներն առավել քան շոշափելի են։ Այս պարագայում սա շատ ավելի կարեւոր է դառնում, քան ռազմավարական ինչ-ինչ օբյեկտների վաճառքը։ Որովհետեւ այդ դեպքում վաճառքի առարկա է դառնում ոչ թե ապրանքը, այլ իշխանությունը, որը տնօրինում է այդ ապրանքը։
Եվ վերջապես ինչո՞ւ եք ուզում ընտրողներին անպայման ձեր օրինակով համոզել, թե առանց «դրսի տղերքի» ինքներս անզոր ենք լուծել մեր հարցերը։ Թե՞ այդ թեկնածուներն իսկապես այդպես էլ կարծում են...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ