Նարե Հայկազյանի հաջողությունը Հոլանդիայում
Նարե Հայկազյան անունը բավականին ծանոթ է հայ թատերական մշակույթում։ Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, Նարեն այնքան էլ «երես առած» չէ բեմադրիչների եւ թատերական «կետերի» կողմից։ Նա հազվադեպ է մասնակցում ներկայացումների («Համազգային» թատրոնում), իսկ իր վերջին աշխատատեղիցՙ Մնջախաղի թատրոնից «ազատվել» է ոչ սեփական դիմումի համաձայն։ Բայց ամեն դեպքում Նարեին էլ է երբեմն բախտը ժպտում։ Այսպես եղավ վերջերս։
Ամռանը Նարե Հայկազյանին զանգահարեց Հոլանդիայում ապրող եւ ստեղծագործող նկարիչ Գրիգոր Մոմջյանը եւ հանդիպում խնդրեց։ Հանդիպեցին, խոսեցին, պայմանավորվեցին։ Եվ մեկ-երկու ամիս անց Նարեն Գեղարդի բիենալեում ներկայացրեց «Հույս, հավատ, սեր» (մարդու ստեղծագործ վիճակը) 10 րոպե տեւողությամբ ներկայացում։ Հայազգի Էդուարդ Օդեհոնի հետ Նարեն ստեղծել էր այնպիսի հոգեկան իրավիճակ, որը զուտ զգայական տեսակետից արվեստի որեւէ տեսակի թարգմանելը դժվար է։ Մնջախա՞ղ է, երկխոսությո՞ւն, թատրո՞ն, ասմո՞ւնք... Զգացմունքների այսպիսի մեկնաբանություն Նարեն արդեն արել էր մարտինՙ Կամերային թատրոնում։ Աննա Մայիլյանի հետ նա արդեն ներկայացրել էր մորՙ գրող, ռեժիսոր, հայ մշակույթի նվիրյալ Ջուլիետ Մատինյանի հիշատակին նվիրված «Փակագիծ» ակցիան, որը խոսքի, երգի եւ մնջախաղի մի ուրույն համակցում էր։
...Եվ ահա, Գեղարդից հետո Նարե Հայկազյանը մասնակցեց Գյումրու բիենալեինՙ «Հույս, հավատ, սեր» ներկայացմամբ։ Այստեղ եւս հաջողությունը մեծ էր։
Նարե Հայկազյանի այս որակները հայտնաբերած Գրիգոր Մոմջյանը դեռեւս մեկ տարի առաջ Հոլանդիայում ծրագիր էր ներկայացրել, ըստ որի ներկայացումը պետք է բեմադրվեր թանգարանային որեւէ շինությունում։ Հոլանդական կողմից հրավերն ստացվեց, եւ հոկտեմբերի առաջին օրերին Նարեն հրավիրվեց արվեստների այս երկիրը։
Հոկտեմբերի 9-ին Ամստերդամին մերձակա Ալֆըն Ընդըուայն մշակութային քաղաքի Արվեստի կենտրոնում կայացավ Նարե Հայկազյանի եւ Գրիգոր Մոմջյանի ծրագիրը։ Այստեղ արդեն ուրիշ պայմանականություններ էին։ Չկար բեմ, չկային ներկայացման համար արված հատուկ դեկորացիաներ։ «Պետք է ներկայանայի թանգարանային սրահում, այցելուների անվերջ շարժի մեջ, պատմում է Նարեն։ Իհարկե, անսովոր միջավայր էր։ Բայց ինձ թվում է, որ կարողացա մեր ծրագրի իմաստը հաղորդել»։ Այդ են վկայում նաեւ հոլանդական տասնյակից ավելի թերթերում տպագրված դրական գնահատականները։ Պատահական չէ, որ ներկայացումը եւս երկու անգամ բեմադրվեց հոլանդական մի ուրիշ մշակութային կենտրոնումՙ Խալուդա քաղաքում, «Կատարինա» թանգարանում։
Նարեի ներկայացումն այնքան մեծ հնչեղություն ձեռք բերեց Հոլանդիայում, որ երկրի թագուհին իր հատուկ պատվիրակն ուղարկեց ներկայացմանըՙ ներողություն խնդրելով, որ ինքն անձամբ չի կարող մասնակցել։
Հայ արտիստուհին նորովի մի աշխարհ էր ներկայացնում, ուրույն մի ներկայացում, որը յուրօրինակ էր ոչ միայն Հայաստանի, հայ բեմի, այլեւՙ շատ բան տեսած, շատ բան «փորձած» Հոլանդիայի համար։
Եվ հիմա իսկապես մեծ հաջողության արժանացած արտիստուհին կրկին հայրենիքում է, տանը։ Ի՞նչ է անելու, ի՞նչ ծրագրեր ունի։ Այս հարցը մանկամտություն պիտի թվար հատկապես հանիրավի անտեսված Նարե Հայկազյանի համար։ «Չգիտեմ, ասում է նա։ Չգիտեմ։ Գուցե Տիրոջ օգնությամբ որեւէ ճանապարհ բացվի»։
Հույս ունենանք։ Հույս ունենանք Տիրոջ օգնությանը, որովհետեւ հայ մշակույթի տերերը շատ հաճախ մոռացել են իրենց անելիքը։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ