«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ԿԱՐՊԱՆՈՅԻ ՀԱՐԹՄՆԻ ԵՐԱԶԸ

Ամեն մեկը խենթանում է յուրովի

Կարպանո հնչեղ ծածկանունով Նորայր Կարապետի Սարգսյանը, նույն ինքըՙ գիտնականների եւ ճարտարագետների «Կայուշա» խմբի ղեկավարը, ծնված 1938 թ. Վարդենիսի շրջանի Չախրլու գյուղում, «Ուրարտու» ռեստորանի շքեղ դահլիճում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Իր կյանքի 27 տարիները նա անցկացրել է բանտում եւ հենց այստեղ, ընկերների հետ կազմել իր դարակազմիկ հայտնագործության տեսությունը։ Հայաստանի առաջին արհեստական արբանյակի արձակման վերաբերյալ մեր ընթերցողներին արդեն իսկ ծանոթ թեման Կարպանոն կրկին փորձեց ներկայացնել լրագրողներին, հայտարարելով, որ այս ասուլիսն արդեն վերջնագիր է իշխանություններին ու հասարակությանը։ Եթե նրանք չհավատան ու չօգնեն իրեն, ինքն այլ երկրների կերջանկացնի իր հայտնագործությամբ։ Թե ո՞ր մասով էր հավաստի պատումըՙ նոյեմբերի 24-ին, Սեւանա լճի հարավ-արեւելյան հատվածում, Գիլլի լճի մացառուտներում տեղակայված տիեզերակայանից, առանց տանող հրթիռի տիեզերք արձակված արբանյակի մասին, այդպես էլ չհաջողվեց հստակեցնել։ Ըստ Կարպանոյի, այս պահին էլ, հարաբերականորեն անշարժ վիճակում, արբանյակը կախված է Տիբեթի վրա։ Իսկ ինչո՞ւ Տիբեթի, որովհետեւ քաղաքակրթության օրրան է եւ «9000 տարի առաջ հայերն այստեղից են եկել Հայաստան»։ Արբանյակը սնող էլեկտրական հոսանքի աղբյուրը նմանը չունի աշխարհում եւ 14¬15 տարի դրա անխափան աշխատանք կարող է երաշխավորել։ Ըստ Կարպանոյի, իր հայտնագործության շնորհիվ Հայաստանում էներգիայի խիստ էժան աղբյուրներ կարելի է ստեղծել, այնպես, որ 1 կվտ-ի համար ամեն բնակիչ 5¬10 լումա վճարի։ Այս մասին նա հայտարարել է դեռեւս 2000 թ. հունվարի 18-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում, բայց ոչ ոք չի լսել նրան։ Ի՞նչ անել, որ մարդիկ խելքի գան... մտածել, մտածել ու որոշել են արբանյակ արձակել տիեզերք։ Հընթացս Կարպանոն նամակ է հղել բոլոր պետությունների ղեկավարներինՙ ներկայացնելով իր հայտնագործությունը։ Տիեզերք նավեր արձակելու տեխնոլոգիայի էությունն, ըստ հեղինակի, գրավիտացիայի նոր հնարավորությունների բացահայտումն է, որը թույլ է տալիս «գրավիտացիոն դաշտում լողալ, ինչպես նավըՙ ջրում»։

Եվ որ երկնային մեխանիկայի հիմքում ընկած է ոչ թե Նյուտոնի տիեզերական ձգողականության, այլՙ Կեպլերի III օրենքը, հենց որից էլ, սովորական մաթեմատիկական ձեւափոխումով դուրս է բերված Նյուտոնի օրենքը։ Ի դեպ, արբանյակում տեղակայված է մագնիտոֆոն, որը հաղորդելու է Աշոտ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար գրված երաժշտությունը։ Այն հաղորդվում է դեցիմետրային դիապազոնում եւ չհավատացողները, ըստ Կարպանո¬Նորայր Սարգսյանի, կարող են որսալ ու հավաստիանալ։

Կարպանոյի ներկայացմամբ, իր հայտնագործությունը նախ եւ առաջ ռազմագիտական արժեք ունի։ 1990 թ. մայիսի 15-ի լույս 16-ի գիշերն ապարատը փորձարկվել է Վարդենիսի վրա։ Գրավիտացիոն դաշտի վիբրացիան այնքան մեծ է եղել, որ բնակիչներին թվացել է, թե երկրաշարժ է, եւ դուրս են եկել փողոց։ Հետաքրքրական է, որ Կարպանոյի ասածը հաստատեց ասուլիսին մասնակից մեկը, որը ներկայացավ իբրեւ արտակարգ իրավիճակների վարչության աշխատակից։ Եթե սույն օբյեկտը թռչում է որեւէ տարածքի վրայով, եւ վիբրացիան հասնում է այն աստիճանի, որ քայքայում է ատոմները, ոչ մի կառույց չի դիմանա, այլ, հեղինակի հավաստիացմամբ, կոչնչանա 2¬3 վայրկյանի ընթացքում։ Հայտնագործությանը կյանք տալու արժեքը 22 հազար դոլար է, որը հոգացել են իրենքՙ խմբի 28 անդամները։

Կարպանոյի գլխավոր նպատակը նաեւ ՀՀ արտոնագրային օրենքում հայտնագործությունների գրանցման, ձեւակերպման մասին ակտի ավելացումն է կամ թեկուզ առանձին օրենքի ընդունումը։ «Եթե օրենքն ընդունեն, ես արբանյակը հենց հիմա կիջեցնեմ Հանրապետության հրապարակում», խոստանում է Կարպանոն։ Ի դեպ, հրապարակին ոչնչանալու վտանգ չի սպառնում, քանի որ այս մի ապարատը պաշտպանիչ էկրան ունի։

Իսկ օրենքի ընդունումը տիեզերական էժան հետազոտությունների հնարավորություն կտա, կօգնի լայնորեն ներդնել հայտնագործությունը։ «Եվ թափառական հայը, որ մոլորակի բոլոր անկյուններում է, իր ոտնահետքերը կթողնի նաեւ երկնային մարմինների վրա»։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4