ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, հանրապետությունում գրանցվել է 10.114 հանցագործություն, այդ թվումՙ 835 ծանր։ Դրանցից 64-ը դիտավորյալ սպանության, 560-ըՙ պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքեր են։ Նշված ժամանակահատվածում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության 2913 դեպք, այդ թվում գողությանՙ 2368, կողոպուտիՙ 107, խարդախությանՙ 371 հանցագործություն։
Հանցագործությունների գերակշիռ մասըՙ 4587, գրանցվել է մայրաքաղաքում, 1028-ըՙ Սյունիքի, 919-ըՙ Կոտայքի, 707-ըՙ Շիրակի, 611-ըՙ Արմավիրի մարզերում։ Ամենաքիչ հանցագործություններն արձանագրվել են Վայոց ձորումՙ 109։
Նշված ժամանակահատվածում «Արմենիա» օդանավակայանի ՆԳ բաժնի կողմից գրանցվել է 69, իսկ տրանսպորտային ՆԳ վարչության կողմիցՙ 88 հանցագործություն։