Եթե հավատանք մեր կուսակցական առաջնորդների հայտարարություններին
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանում գրանցված են 114 քաղաքական կուսակցություններ։ Վերջինը մեր արդարադատության նախարարության մատյաններում գրառվել է այս տարվա նոյեմբերինՙ «Հաղթանակ, ժողովրդավարություն, միասնություն» անվանմամբ։ Եթե անվանումն անծանոթ է, հոգ չէ, քանզի այդ 114-ի մեջ սովորական մահկանացուներիս ոչինչ չասող անունները շատ են։ Ավելին, մենք հաճախ չգիտենք դրանց գոյության մասին։ Բայց թողնենք դրանց մի կողմ եւ անդրադառնանք տասնյակի չափ այն կուսակցություններին, որոնք հասարակությանը ծանոթ լինելու սահմանը գեթ հաղթահարում են։ Չնայած մեր կուսակցական այրերը չէին համաձայնի «ծանոթ լինելու» ձեւակերպմանը, եթե նկատի ունենանք, թե իրենց կուսակցությունների անդամների ինչպիսի թվակազմեր են հայտարարում նրանք։ Այդ քաղաքական ուժերից շատերը, եթե հավատանք նրանց առաջնորդների ջերմեռանդ հավաստիացումներին, իրենց անդամներին հաշվում են արդեն ոչ թե հազարներով, այլ տասնյակ հազարներով։ Այսպես, մեր հարցրած 14 կուսակցություններից ամենահամեստ ցուցանիշներ նշեցին ԱԺՄ-ից անջատված ԱԺԿ-նՙ Շավարշ Քոչարյանի գլխավորությամբՙ շուրջ 300 անդամ եւ ԱԺԴ-նՙ Արշակ Սադոյանի ղեկավարությամբՙ 740 կուսակցական։ Նրանց մայր կուսակցությունումՙ ԱԺՄ-ում հավաստեցին, թե իրենց շարքերում այսօր կա մոտ 2000 հայաստանցի։
Անցնենք ավելի մեծ թվերի. «Հանրապետություն» կուսակցությունը նշում է 5400 անդամ, ՀՅ Դաշնակցությունըՙ 6000, ՀՀՇ-նՙ 6900։ ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը մեր զրույցում հավաստեց, թե 1998-ից հետո նվազող իրենց շարքերը վերջին երկու տարում սկսել են կայունանալ։
Մի կուսակցությունից խմբերով մեկ այլ կուսակցություն անցնելու տեսարանների Ազգային ժողովում եւ նրանից դուրս էլ ականատես եղել ենք։ Այս առումով ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը նշեց. «Կուսակցությունների անդամների թիվն, իհարկե, ունի նշանակությունՙ հատկապես մեր քաղաքական համակարգի զարգացման այս շրջանում։ Բայց քանի որ այդ թվերը փոփոխվում են քաղաքական կոնյունկտուրայից կախված, դրանք չեն դառնում որոշիչ գործոն։ Եվ չեն կարող պատկերացում տալ քաղաքական դաշտի զարգացման հեռանկարի մասին։ Սա անընդունելի միտում է, որ կպահպանվի դեռ որոշ ժամանակ։ Սակայն միայն որոշ ժամանակ, քանի որ քաղաքական համակարգի կարգավորման կարեւորագույն պայմանն իրական կուսակցություններն ենՙ հստակ գաղափարախոսությամբ, որոշակի պատմությամբ։ Այդպիսիք կան մեզ մոտ»։
Ինչեւէ, մինչ նախկին իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժը վերաձեւումների մեջ էր, մինչ, ասենք, ավանդական կուսակցություն ՀՅԴ-ն հաստատվում էր այստեղՙ կարողանալով գրավել տվյալ դեպքում ընդամենը 6000 մեր հայրենակիցների, սկսեցին հանդես գալ առասպելական մասշտաբների քաղաքական ուժեր։ Տակավին վերջերս կազմավորված ՀԺԱՄ-ն, օրինակ, ԱԺՄ-ից հեռացած Սեյրան Ավագյանի գլխավորությամբ, հայտարարում է, թե ունի 10.000 անդամ։ Առավել ճշգրիտՙ 10.000-ից փոքր-ինչ ավելի, ասենք, 300 մարդով, որ նաեւ, հենց ԱԺՄ-ի անդամների թիվն էր (300-ը) 1996-ին։
ՀՀԿ-ից տեղեկացրին, թե վարչապետական կուսակցությունն ունի 17.977 անդամ։ Այստեղ սկսվում են ամենահետաքրքրական թվերը. ՀԺԿՙ 30.000, «Օրինաց երկիր»ՙ 35.000, «Ազգային միաբանություն»ՙ 46.000։ Առաջին տեղում Կոմկուսն է, որտեղ պնդեցին, թե ունեն 50.000 շարքային ընկեր։
Այս թվերը հայտարարելիս բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ նշում էին, թե պատկերը մոտավոր է։ Պահպանելով անգամ մոտավորության սկզբունքըՙ վերոհիշյալ թվերի հանրագումարն անցնում է 170.000-ից։ Պատկառելի՞ թիվ է սա, թե՞ ոչ, պիտի դատել նկատի ունենալով, որ, ինչպես վերեւում նշեցինք, թեպետ եւ որոշակի կշիռ ունեցող, բայց այնուամենայնիվ ոչ բոլոր գործող քաղաքական ուժերի մասին է խոսքը։ Եվ որ Հայաստանում ընտրող բնակչությունն ընդամենը 1,5 միլիոնի սահմաններում է։ Իրակա՞ն է այս թիվը, թե՞ ոչ, պիտի թերեւս պատասխանեն վիճակագրական համապատասխան ծառայությունները։ Այնուհանդերձ, դժվար է հավատալ, որ յուրաքանչյուր տասներորդ չափահաս հայաստանցին կուսակցական է։
«Մեզ մոտ վերջին տասը տարիներին ավանդույթ է դարձել կուսակցության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ուռճացնել նրա անդամների թիվը։ Մինչդեռ աշխարհում բոլորովին այլ մոտեցումներ կան խնդրի շուրջ», նկատեց Ռուբեն Միրզախանյանը։ Նա նշեց, որ անդամների թվից զատ, մեր քաղաքական ուժերի շրջանում մեծ մասամբ անտեսվում են կուսակցության մյուս բաղադրիչներըՙ քաղաքական պրոֆեսիոնալ ինստիտուտները։ «Համաշխարհային փորձից չգիտեմ որեւէ լուրջ քաղաքական ուժ, որ չունենա իր լրատվամիջոցը։ Անշուշտ, այդ միջոցները մեծ մասամբ պաշտոնական օրգաններ չեն, բայց կրում են կուսակցությունների ամենաանմիջական ազդեցությունը։
Կարեւոր է տեղական կառույցների ցանցը երկրով մեկ։ Շատ կարեւոր է նաեւ, որ որոշում ընդունողների հատվածը կուսակցությունում չվարձատրվի ու քաղաքականից չվերածվի բյուրոկրատական ապարատի։ Բայց սա առայժմ մեր կուսակցություններին չի սպառնում»։
Որքանո՞վ են մեր կուսակցություններն իսկապես կայացած պրոֆեսիոնալ ինստիտուտների առումովՙ քննության առանձին նյութ է։ Բայց որ նրանց գերակշիռ մասը մեծաքանակության տենդով է վարակվել, կարծում եմ, կասկածից վեր է։ Ցավոք, չկա հայաստանյան բնակչության կուսակցական պատկանելության պատկերը վեր հանող վիճակագրություն, եւ կարելի է ցանկացած թիվ... կրակել։
Բայց բնակչության համեստ ռեսուրսներ ունեցող մեր երկրում 30, 40, 50 հազարանոց ուժերի իմիտացիան պարզապես չի կարող վերածվել իրականության, եթե նկատի ունենանք, որ, ըստ աշխարհում ընդունված փորձի, կուսակցական լինում է սովորաբար երկրի չափահաս բնակչության մեկ, երկու տոկոսը։