Հայ ժողովուրդը, մասնավորապես հայ գրականությունը, ծանր կորուստ կրեցին. երեկ ուշ երեկոյան կյանքից հեռացավ ժամանակակից ամենահայտնի հայ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանըՙ ընդամենը 67 տարեկան հասակում։ Մի քանի ամիս առաջ Մ. Նահանգներում ենթարկվել էր թոքի վիրահատությանՙ անողոք հիվանդությունը հաղթահարելու հույս եւ վստահություն ներշնչելով հարազատներին, ընկերներին եւ բազմահազար ընթերցողներինՙ Հայաստանում թե սփյուռքում։
Կենդանությունն իսկ, եւ արդարորեն, «ապրող դասական» կոչմանն արժանացած գրողի կենսագրությունն սկսվում է 1935 թ. մարտի 3-ին Ահնիձոր գյուղում։ Գյուղ, որը լինելու էր նրա ստեղծագործական ներշնչանքի, ազգի, հասարակության եւ պետականության շուրջ տվայտանքների ու մտահոգությունների աղբյուրը։ Արդեն գրական ասպարեզ էր իջել «Ահնիձոր» ակնարկով, որը միանգամից տաղանդավոր գրողի վրա սեւեռեց գրաքննադատների ու ընթերցողների ուշադրությունը, հույսերը։ Չուշացան նրա տաղանդի փայլատակումներն ամփոփող ստեղծագործություններըՙ «Օգոստոս», «Ծառերը», «Մեր վազքը» ժողովածուները, որոնցում ներկայացված «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արեւ», «Կայարան», «Գոմեշը», «Ալխո» եւ այլ վիպակներն ու պատմվածքները նրան մեծ ճանաչում ու փառք բերին։ 1995¬2000-ին Հրանտ Մաթեւոսյանը եղավ Գրողների միության նախագահ, մի վարչական պաշտոն, որը ամենեւին հարազատ չէր նրա խառնվածքին, որով, սակայն, ապահովվեց այդ կազմակերպության մեկությունը։
Դասականները չեն մեռնում։