Արթուր եւ Հրաչուհի Ութմազյանները Իրանում
Երեւանի դրամատիկական թատրոնի Իրանում վերջերս կայացած հյուրախաղերի շրջանակներում մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում կայացավ նաեւ Արթուր եւ Հրաչուհի Ութմազյանների հեղինակած «Պոեզիայի երեկոն»։ 400 հանդիսատես տեղավորող սրահում իրանահայերը հիացմունքով ունկնդրեցին մեզանում հեղինակություն վայելող արտիստի եւ նրա դստեր կատարումները։ Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան... ահա հեղինակների ոչ լրիվ ցանկը, որոնց ստեղծագործությունները ներկայացվեցին իրանահայ ունկնդրին։
Մի քանի ամիս առաջ Երեւանում, դրամատիկական թատրոնում Արթուր Ութմազյանը Հրաչուհու հետ արդեն մեկ ներկայացում տվել էր, նորից պոեզիայի երեկո։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ։ Հնարավո՞ր էր, որ ներկայացումը ամբողջությամբ տարվեր Իրան։
¬ Ոչ,- ասում է Արթուր Ութմազյանը։ ¬ Այնտեղ ուրիշ միջավայր էր, ուրիշ պայմաններ էին։ Ճիշտ է, մեր հանդիսատեսը հայեր էին, սակայն օտար երկրում ապրող, օտար երկրի ու սովորույթների հետեւորդ հայեր։ Ուստի պետք էր առանձնակի ընտրություն կատարվեր։
Մեր տրամադրության տակ են Իրանի պարսկալեզու եւ հայ մամուլում տպագրված հոդվածներ, բեմադրության թատերագրություններ։ Բոլորն էլ բարձր են գնահատում հայր եւ դուստր Ութմազյանների բեմադրությունը։
¬ Մեր հարեւան այս երկիրը, որի մասին, թվում է, շատ բան գիտեինք, իսկապես անչափ հետաքրքրական ու անծանոթ էր մեզ.- շարունակում է Արթուր Ութմազյանը։ ¬ Մեզ զարմացրեց իրանահայերիՙ պոեզիայի նկատմամբ ունեցած խստապահանջությունը եւ բարձր ճաշակը։ Այնտեղ, ինչպես եւ ամենուր, հնարավոր չէ հենց այնպես ելույթ ունենալ, հենց այնպես գիրք կամ նկար ներկայացնել։ Իհարկե, մենքՙ ղափլանյանցիներս, սովորել ենք ոչ մի դեպքում եւ ոչ մի տեղ «հենց այնպես» բեմ չելնել։ Դա էր գուցե պատճառը, որ իմ ու Հրաչուհու ելույթը հաջողվեց։
Պրոֆեսիոնալ արտիստը, եթե անգամ ցանկություն էլ ունենա, չի կարող բեմ ելնել իմիջիայլոց, կեղծիքի չի կարող դիմել։ Արթուր Ութմազյանի պարագայում սա հաստատված է։ Այժմ հոր եւ տատիկի ճանապարհով է քայլում դուստրըՙ Հրաչուհի Ութմազյանը։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ