«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ԿԻՐԱԿԱՆՑՎԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Իկոմոս հասարակական կազմակերպության նախագահ, միջազգային Իկոմոսի գործադիր կոմիտեի անդամ Թեոդոր Քրիստեւիՙ Եվրախորհրդին Իկոմոսի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկած հուշարձանների պահպանման եւ օգտագործման տարածաշրջանային ծրագիրն արժանացել է ԵԽ-ի հավանությանը։ Դրան մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։

Ինչպես հայտնեց ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանման գործակալության պետ, Իկոմոս-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը, ծրագիրը վերջերս քննարկվել է Մադրիդում կայացած Իկոմոս միջազգային կազմակերպության 13-րդ գլխավոր ասամբլեայի ընթացքումՙ երեք երկրների Իկոմոս-ների նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Ծրագրի իրականացումը կսկսվի գալիք հունվար-փետրվար ամիսներին։ Բալկաններում եւս, հակամարտության կարգավորմանը նպաստելու համար, հաջողությամբ անցկացվել է այդպիսի ծրագիր։ «Տարբեր կազմակերպություններ, հատկապես բախումների գոտիներում, կարեւորում եւ հովանավորում են նման համագործակցությունը»,- ընդգծեց Գ.Գյուրջյանը։

Նմանատիպ մեկ այլՙ տարածաշրջանային առումով ավելի լայնածավալ ծրագիր, որը, բացի նշված երկրները, ընդգրկելու է նաեւ Թուրքիան եւ Իրանը, քննարկվել է միջազգային Իկոմոսի նախագահ Մայքլ Պեցետի հետ։ Ըստ գործակալության պետի, մասնակից երկրների ներկայացուցիչները համաձայն են ծրագրի իրականցմանը, սակայն, Ադրբեջանի կողմից կան բարդություններ, եւ հնարավոր է, որ ծրագիրն իրականացվի առանց այդ երկրի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4