«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՄԵԾ ՍԻՐՈ ՄԵՋ ԱՊՐՈՂ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեւորգ Եղիազարյանի ալբոմի առիթով

Գեւորգ Եղիազարյանը հայ գեղանկարչության մեջ իր հունը բացած նկարիչ է, իր ուրույն ձեռագիրը, իր գույնը, մտապատրանքները հանձնած կտավինՙ արտաքին եւ երեւութական աշխարհների նկատմամբ ունեցած երկակիության սկզբունքներով։ Նրա աշխատանքների մասին բազմաթիվ արձագանքներ են եղել, չնայած որ Հայաստանում անհատական ցուցահանդեսով չի ներկայացել։ Թեեւ աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցել է հաջողություններ, այնուամենայնիվ, երեւանյան արվեստասերը նրա ստեղծագործություններին, կարելի է ասել, քիչ է ծանոթ։ Ըստ նկարչի, սա բացատրվում է ավելի բարձր պատասխանատվությամբ, որին ինքը դեռ պատրաստ չէ, թերեւս կա նաեւ հոգեբանական պատճառՙ արտերկրում արդեն կայացածի իմիջը, որոշակի վերաբերմունքը։

Իմ զրույցը վերջերս հրատարակված Գեւորգ Եղիազարյանի նկարների շքեղ ալբոմի առիթով է, հրատարակչիՙ Հայկական հանրագիտարանի փոխխմբագիր Արամ Սարգսյանի հետ։

¬ Գիրքն ամփոփում է Գեւորգ Եղիազարյանի վերջին 7¬8 տարիների ստեղծագործությունները։ Պիտի ասեմ, որ նա մեր ամենատաղանդավոր նկարիչներից է, որ կարողացել է, չնայած երիտասարդ տարիքին, միջազգային ասպարեզում հաջողության հասնել, արդեն ունեցել է 12 անհատական ցուցահանդեսներ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում։

¬ Ի՞նչն է պատճառը, որ Երեւանում չի կազմակերպվում անհատական ցուցահանդեսՙ թերահավատությո՞ւնը։

¬ Անշուշտ, ինքը մտադիր է Երեւանում անհատական ցուցահանդես կազմակերպել եւ գտնում է, որ դա ավելի լուրջ քննություն է իր համար։ Ինքը կարծում է, որ դեռ լավագույն գործերը չի ստեղծել եւ ավելի լրջորեն է նախապատրաստվում։ Բայց եւ ասեմ, որ այստեղ արվեստի եւ արվեստագետի նկատմամբ առայժմ չկա ըստ արժանվույն գնահատելու այն մթնոլորտը, ինչ արտերկրում։ Գեւորգի ցուցահանդեսները դրսում են կազմակերպվում նաեւ այն պատճառով, որովհետեւ այնտեղից հրավերներ են գալիս։ Չեմ կարծում, որ որեւէ նկարիչ մերժի աշխարհի ամենահեղինակավոր պատկերասրահներում ցուցադրվելու հրավերները։

¬ Այս տարվա նոյեմբերին Վաշինգտոնի Wentworth պատկերասրահում կազմակերպվեց Գեւորգի աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես եւ տեղի ունեցավ նորընծա գրքի շնորհանդեսը։ Ինչպե՞ս անցավ եւ ի՞նչ վերաբերմունքի արժանացավ։

¬ Wentworth հզոր մշակութային կորպորացիան մասնաճյուղեր ունի ԱՄՆ 15 նահանգներում, հիմնականում արեւելյան ափումՙ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում։ Պատկերասրահը հաճախ է ներկայացնում աշխարհի ժողովուրդների տաղանդավոր արվեստագետների գործերից։ Այս տարվա ցուցահանդեսն անցավ հաջողությամբ, 1 շաբաթվա տարբերությամբ, երկու քաղաքներումՙ Վաշինգտոնում եւ Բոստոնում։ Սովորաբար ընդունված է ցուցահանդեսների հաջողությունը գնահատել ըստ վաճառված նկարների։ Այս առումով էլ լավ էրՙ նկարների մեծ մասը վաճառվեց։ Թեեւ ես դա չէի համարի միակ չափանիշը, կարեւոր է նաեւ այցելուների քանակը, կարծիքները, մամուլի արձագանքները։ Այս առումով էլ բավարարված ենք։

Այս տարվա ցուցահանդեսի նորությունը Գեւորգի ստեղծագործություններին նվիրված գիրք-ալբոմն էր, որ արժանացավ ամերիկացի մեր գործընկերների ուշադրությանը։ Գիրքը թե՛ բովանդակային, թե՛ դիզայնի տեսակետից բարձր գնահատվեց, բայց հատկապես գրքի տպագրական որակը նրանց զարմացրեց, եւ մենք հպարտ էինք, որ Հայաստանն այսօր ունի հնարավորություններ տպագրելու մի գիրք, որն արժանանում է ժամանակակից բարձր տպագրություն ունեցող երկրների ներկայացուցիչների գնահատանքին։ Առաջ նման գիրք տպագրելու համար Բեյրութ էինք գնում, այսօր մենք ինքներս ենք հասել այդ մակարդակին։

Արվեստի գրքերի տպագրությունը որոշակի հմտություն եւ փորձ է պահանջում, «Տիգրան Մեծ» հրատարակչատունն ունի այդ փորձը։

¬ Պրն Սարգսյան, իսկ ինչո՞ւ են տեքստերը միայն անգլերենով։

¬ Գիրքն ի սկզբանե նախատեսվել էր այս ցուցահանդեսի համար։ Պատվիրատուն Wentworth ամերիկյան կազմակերպությունն էր։ Պատկերասրահը նաեւ գրքի վաճառք էր կազմակերպել։ Միայն դա էր պատճառը։ Մոտ ապագայում նախատեսում ենք հայերեն տեքստերով ալբոմի հրատարակություն։

Թերթելով Գեւորգ Եղիազարյանի ալբոմըՙ հայտնվում ես գունային լռության մոգական շղթայում։ Խորհրդավորությունն ու տխրությունն անբաժանելի են այդ մթնոլորտից։ Դեմք եւ դիմակ, իրականություն եւ երեւակայություն, մարդու երկփեղկված վիճակ, թատերական մթնոլորտ եւ տեսիլքներ։ Մշտապես գեղեցկության եւ ներդաշնակության ձգտող նկարչի ստեղծագործական լույսը թափանցիկ է, գույներըՙ մաքուր, իբրեւ իր երազի, իր հոգու ջինջ առավոտների արտացոլանքներ, որ պայմանական արտապատկերներում անսովոր ու երազային հմայք ունեն։

Գիրքն ամփոփում է Գեւորգի լավագույն ստեղծագործություններից շատերըՙ դրանցից մի մասն արվեստաբան Գայանե Ասլամազյանի մեկնաբանություններով։ Ալբոմը բացվում է Wentworth պատկերասրահի նախագահ Մայքլ Դ. Օ՚Մահոնիՙ Գեւորգի ստեղծագործությունների մասին տպավորություններով. «Սերը, կանացիությունը եւ կնոջ հոգու գեղեցկությունըՙ ստեղծագործությունների միջոցով արտահայտելու նրա կարողությունը, արդարեւ, շատ հազվագյուտ շնորհ է։ Իր կյանքի փիլիսոփայությունը, գեղեցիկի սերն արտահայտվում եւ ընդմիշտ դաջվում է իր ստեղծագործությունների ամեն վրձնահարվածում»։

Ճշմարիտ ստեղծագործությունը ներքին պահանջի արտահայտություն է, բայց արդյունքն իրենը չէ, դառնում է ուրիշներինը։ Նկարներից բաժանվելը Գեւորգին թերեւս տխրություն է պատճառում, բայց ինքը չի ափսոսում, որովհետեւ, իր խոսքերով, «նրանք ավելի լայն տարածություններում եւ մեծ սիրո մեջ են ապրում»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4