Մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրն անվանեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին։ Պատանիների պայքարում առաջատարների խմբից կես միավորով «պոկվեց» անգլիացի գրոսմայստեր Լուկ Մակշեյնը, որը պարտության մատնեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին։ Մակշեյնի օգտին գրանցված է 7,5 միավոր։ Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքի արդյունքը գրանցեց իր օգտին, այս անգամ հունգարացի գրոսմայստեր, մինչեւ 18 տարեկանների աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆերենց Բերկեշի հետ մրցախաղում։ Միավորը բաժանեցին նաեւ Վոյտաչեկն ու Տիմոֆեեւը, Հարիկրիշնան ու Սուրիան, Նելոտպալն ու Միթոնը։ Առաջատարների խմբում ընդգրկվեց նաեւ հնդիկ շախմատիստ Պոբեշ Անանդըՙ հաղթելով Ինարկիեւին։ Արոնյանը, Բերկեշը, Հարիկրիշնան, Անանդը, Սուրիան, Տիմոֆեեւն ու Վոյտաչեկը վաստակել են 7-ական միավոր։ Ավարտական 3 տուրերում համառ պայքար է սպասվում առաջնության պարգեւների համար։
Աղջիկների մրցապայքարում առայժմ առջեւից է ընթանում չին շախմատիստուհի Չժաո Հուն, որը ոչ-ոքի խաղաց Թիան Թիանի հետ։ Նույնպիսի արդյունք գրանցվեց Հումպի Կոներու-Քրիստինա Ցալոտեսկու պարտիայում։ Նադեժդա Կոսինցեւան հաղթեց Նատալյա Պոգոնինային, Յու Վանգը պարտության մատնեց Ջուլիա Մաքքային։ Առաջատար քառյակն այսպիսի տեսք ունի. Չժաո Հունՙ 8, Հումպի Կոներուՙ 7,5, Նադեժդա Կոսինցեւաՙ 7,5, Յու Վանգՙ 7։