«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն երկրորդ տարին «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթը հարցում է անցկացնում լրագրողների շրջանումՙ որոշելու Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին, ընդ որում թեկնածուների թվում ընդգրկում է նաեւ լեգեոներներին։ Շաբաթաթերթի վարկածով Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ հավաքականի եւ Շվեյցարիայի «Յանգ Բոյզի» կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը։ Հարցմանը մասնակցած 36 լրագրողներից 12-ը նրա ազգանունը հարցաթերթիկում նշել են առաջինը (յուրաքանչյուր լրագրող ներկայացրել է իր տասնյակը)։ Արդյունքում Արթուր Պետրոսյանը վաստակեց 271 միավոր եւ 27 միավորով առաջ անցավ ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուց, որին եւս 12 լրագրող նշել էր առաջին տեղում։ Եռյակը եզրափակեց ՀՀ հավաքականի եւս մեկ լեգեոներՙ Ալբերտ Սարգսյանը (203 միավոր)։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Սարգիս Հովսեփյանը (197 միավոր), Արման Քարամյանը (184), Անդրեյ Մովսիսյանը (158), Արտավազդ Քարամյանը (139), Հարություն Վարդանյանը (93), Կարեն Դոխոյանը (72) եւ Ալեքսանդր Թադեւոսյանը (62)։ Հիշեցնենք, որ անցյալ տարի համանման մրցույթում հաղթող էր ճանաչվել ՀՀ հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Սարգիս Հովսեփյանը։

Շնորհավորում ենք դեկտեմբերի 17-ին ծննդյան 31-ամյակը նշած Արթուր Պետրոսյանին «Հայկական ֆուտբոլի» մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Այսօր, ժամը 12-ին, «Հրազդան» մարզահամալիրում տեղի կունենա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Գյումրու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստն արդեն 2 տարի հանդես է գալիս Շվեյցարիայի «Յանգ բոյզում»ՙ Հարություն Վարդանյանի հետ հաջողությամբ պաշտպանելով թիմի մարզական պատիվը։ «Յանգ բոյզում» էլ Արթուրն աչքի է ընկնում դիպուկ հարվածներով, ինչպես ժամանակին «Շիրակում», որի կազմում առաջնության 214 հանդիպումներում խփել է 125 գնդակ։ Արթուր Պետրոսյանը ՀՀ հավաքականի ռեկորդակիրն է թե՛ անցկացրած խաղերի (58), թե՛ խփած գոլերի (9) քանակով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4