Երեկ VISA INTERNATIONAL համակարգի անդամ դարձավ Հայաստանում գործող բանկերից ACBA (Հայգյուղփոխբանկ) բանկը։ Նշենք, որ նա 4-րդն էրՙ Առէքսիմբանկից, HSBC-Հայաստան բանկից եւ Կոնվերս բանկից հետո, որն իրավունք ստացավ թողարկել VISA քարտեր։ Ինչպես այս առթիվ հրավիրված արարողության ժամանակ նշեց ACBA-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, բանկը կառաջարկի VISA քարտերի 4 հիմնական տեսակներՙ էլեկտրոն, կլասիկ, բիզնես եւ գոլդ։ Նա կարեւորեց բանկի սերտիֆիկացումը VISA INTERNATIONAL համակարգում «Արմենիան քարդ» ընկերության պրոցեսինգային կենտրոնի միջոցով կատարելը, նշելով, որ կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը եւ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ կտան բարձրակարգ ծառայություններ մատուցել հաճախորդներին։
VISA-ի ներկայացուցիչ Լու Նաումովսկին, անդրադառնալով օրվա իրադարձությանը, նշեց, որ Հայաստանում այս շուկան զարգացման հնարավորություններ ունի, եւ առաջիկա տարիներին մեծ քանակությամբ VISA քարտեր կթողարկվեն։ Նա հայտնեց նաեւ, որ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում մոտ 8-ական հազար VISA քարտեր են գործածվում։
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը VISA քարտերի տարածմանը նպաստող գործոններ համարեց Հայաստանի բնակչության եկամուտների, այդ քարտերով ծառայություններ մատուցող սուբյեկտների աճը, քաղծառայողների աշխատավարձերի վճարումն առեւտրային բանկերի միջոցով, միջազգային կապերի ընդլայնումը, մասնավոր տրանսֆերների ավելացումը։ ԿԲ նախագահը նշեց, որ անկանխիկ շրջանառության ավելացումը դրական հետեւանք կունենա ֆինանսական շուկայում, բանկերը կունենան նոր միջոցներ։ Մի խոսքով, քարտերի տարածումը բեկում կմտցնի բանկային համակարգում։ Նշենք նաեւ, որ անկանխիկ շրջանառության գլխավոր առավելությունը ստվերային տնտեսության բացահայտումն ու կրճատումն է։ Այսինքնՙ դա փոխշահավետ է բանկերի եւ պետության համար։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ Տիգրան Սարգսյանի այն կանխատեսումը, թե մի քանի տարի հետո վճարային քարտերը Հայաստանի քաղաքացիների համար սովորական կդառնան, այնքան էլ իրատեսական չէ։
VISA INTERNATIONAL-ին անդամակցելը, VISA «Արքա» կամ այլ տեսակի քարտերի թողարկումն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն դրանց լայն տարածման համար։ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին դեռեւս համարվում է աղքատ, եւ խոսել նրանց կողմից քարտերի կիրառման մասին, անիմաստ է։ Զգալի մաս է կազմում նաեւ այն խավը, որն աղքատ չէ, բայց ապահով էլ չի կարելի ասել։ Այս խավը նույնպես բանկերում անկանխիկ գումար կուտակելու հնարավորություն չունի։ Մյուս պատճառը մանրածախ առետրի գրեթե համատարած կանխիկ լինելն է։ Երեկվա մամուլի ասուլիսում մատնանշած 100 առեւտրի եւ սպասարկման կետերը, որոնք ունեն քարտերով սպասարկման սարքեր, չնչին թիվ են։ Չմոռանանք, որ հազարավոր խանութներում, սպասարկման օբյեկտներում, չխոսելով արդեն տոնավաճառների ընդհանրապես անվերահսկելի շրջանառության մասին, քարտերով վճարումներ չեն իրականացվում։ Իսկ դրանք մարդկանց ամենօրյա գնումների վայրերն են։ Հետեւաբար, վճարային քարտերի մասսայականացումը, առանց այս խնդիրների կարգավորման, անիրատեսական է։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ