«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


1994 Թ. ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5000 ԶԻՆՎՈՐ

Հիմնական պատճառներըՙ ծեծուջարդ, վարակիչ հիվանդություններ, թերասնում, արեւահարում, ցրտահարություն

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են քաջալերել ղարաբաղյան պատերազմը վերսկսելու եւ կորսված հողերը ազատագրելու Բաքվի պաշտոնյաների կոչերը, հողեր, որոնցից Ադրբեջանը զրկվել է մոտ տասը տարի առաջ, գրում է Բաքվում աշխատող ամերիկացի անկախ լրագրող Քլեր Դոյլը Eurasia.net ցանցում։ Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ ռազմական գործողությունների դիմելու կոչերը ավելի շուտ արտահայտում են ղարաբաղյան բանակցություններից օրեցօր աճող հիասթափությունը, քան Ադրբեջանի պատրաստակամությունը պատերազմին։ Փորձագետների կարծիքով, վատ կազմակերպվածությունը եւ ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական ցածր պատրաստվածությունը վկայում են, որ նման բանակն ի վիճակի չէ եւ անկարող է հարձակողական գործողություններ վարել։

Ադրբեջանական բանակը թվաքանակով գերազանցում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինուժին միասին։ Սակայն բանը թվերի մեջ չէ, գրում է Քլեր Դոյլը։ Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին խանգարում են մի շարք գործոններ, առաջին հերթինՙ ադրբեջանական բանակի բարոյական վիճակը։

«Զինվորական ծառայությունից հրաժարվելու մեղադրանքով բանտերում են 2.600 ադրբեջանցի զինվորներ։ Նրանց մեծ մասը դասալիքներ չեն, նրանք պարզապես հիվանդ են եւ անպետք զինվորական ծառայության համար։ Եվ նրանք բանտը նախընտրում են բանակում ծառայելուց», ասում է «Ադրբեջանի զինվորների մայրեր» կազմակերպության փոխնախագահ Թաիսիյա Գորդեեւան եւ ավելացնում, որ ադրբեջանական բանակում զինվորներին վերաբերվում են ինչպես ստրուկների։

Թաիսիյա Գորդեեւայի տեսակետը, որ ադրբեջանցի զինվորներն անկարող են պատերազմել, հաստատվում են այլ աղբյուրներով։ Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, 1994 թ. ղարաբաղյան ճակատում հաստատված հրադադարից հետո ադրբեջանական բանակը կորցրել է ավելի քան 5.000 զինվոր եւ սպա, մահվան հիմնական պատճառներն են ծեծուջարդը, վարակիչ հիվանդությունները, թերասնումը, ամռան ամիսներինՙ արեւահարությունը, ձմռանըՙ ցրտահարությունը։ Զինակոչիկների կենցաղն անտանելի է, զինվորները հաճախ դիմում են բողոքի ցույցերի։ Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական անկայուն վիճակն ապացուցող վերջին դեպքը 2002 թ. սեպտեմբերի պատահարն էր, երբ Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնարանի 3000 կուրսանտներ ի նշան վատթար պայմանների եւ կաշառակերության դեմ բողոքի լքեցին զորամասը։

Պատերազմի դեպքում ադրբեջանցի բարոյալքված զինվորականները ստիպված կլինեն բախվել ղարաբաղյան ջոկատներին, որոնց ռազմական ոգին, ըստ վերլուծաբանների, աշխարհում ամենաբարձրներից մեկն է։ Լեռնային Ղարաբաղում պաշտպանական գիծը լավ ամրացված է եւ ունի կատարելագործված թիկունքային ենթակառուցվածք։ Նման պաշտպանությունը ճեղքելը դժվար առաջադրանք է աշխարհի ցանկացած բանակի համար։

Հակամարտության վերսկսումը Ադրբեջանի առջեւ կդնի ոչ դյուրին հարցեր նաեւ դաշնակիցների առումով, գրում է Դոյլը։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարող են ակնկալել Հայաստանի օգնությունը եւ այդ երկրում տեղակայված շուրջ 3.000 ռուս զինվորականների գործոնը։ «Հայաստանում տեղաբաշխված ռուսական ուժերն ունեն հատուկ կարգավիճակ, բայց դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են նրանք մի կողմում մնալ, եթե սկսվեն ռազմական գործողությունները», ասում է Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից Օկսանա Անտոնենկոն։ Ըստ վերլուծաբանի, ռուս-հայկական ռազմական համաձայնագրերի պայմաններովՙ պատերազմի դեպքում Ռուսաստանը պարտավոր է հայկական բանակին մատակարարել ռազմատեխնիկական օգնություն, ինչը սկզբունքորեն նշանակում է ռազմական տեխնիկայի անվճար մատակարարում։

Մյուս կողմից, Ադրբեջանի համար դյուրին չի լինի այլ պետություններից օգնություն ստանալը։ Չնայած ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ ունեցած Ադրբեջանի ռազմական կապերին, այս երկու պետություններից եւ ոչ մեկը էական օգնություն չի տրամադրի ադրբեջանական բանակին։ Մ. Նահանգներում առկա է հզոր հայկական լոբբի, իսկ Թուրքիան, որ ձգտում է Եվրամիության անդամակցության, անկասկած, չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը, հակառակ դեպքում խաչ կքաշի Եվրամիության հետ բանակցային գործընթացի վրա։

Փորձագետների գերակշիռ մասը կարծում է, որ ադրբեջանցի նախարարների եւ լրատվամիջոցների ռազմատենչ հայտարարությունները, ըստ էության, մաս են կազմում ղարաբաղյան բանակցություններում պաշտոնական Բաքվի որդեգրած ռազմավարության, որի նպատակը խաղաղ գործընթացի արագացմանն է ուղղված։ Ստացվում է, որ Հեյդար Ալիեւը (որը ժամանակ առ ժամանակ եւս կողմ է արտահայտվում կարգավորման ռազմական տարբերակին, հատկապես ԵԱՀԿ ՄԽ միջնորդների տարածաշրջան այցելության նախօրեին.- Թ. Հ.) դիմակայում է երկրի ներքին ուժերին, որոնք կողմ են պատերազմի վերսկսմանը։ Բայց դա միայն մարտավարություն է եւ բացի այն, որ դրանով դժվար է նպատակին հասնել, կարող է եւ լրջորեն հարվածել հենց ադրբեջանական ղեկավարությանը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4