Հեյդար Ալիեւից հետո Ադրբեջանի թիվ 2 հետախույզը Ռովշան Նովրուզօղլուն է։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների այն վճարովի գործակալը, որի մայրն, ի դեպ, հայուհի է (Նովրուզօղլուների ընտանիքն Ադրբեջան է տեղափոխվել խորհրդային տարիներինՙ Նոյեմբերյանի շրջանից), մասնագիտացել է «հայկական ահաբեկչական կազմակերպությունների» գործունեությամբ եւ նյութեր է գրում հատուկ Նասմիկ Աբասովի համար։ Մի կեսով հայ այս հետախույզն ամեն օր Բաքվի թերթերում սենսացիոն հայտարարություններ է անում։ Օրինակ, մի անգամ Նովրուզօղլուն գրել էր, թե ՀՀ նախագահը գաղտնի հանդիպում է ունեցել Պակիստանի հայ համայնքի ղեկավարների հետ, մեկ այլ անգամՙ հայ «ահաբեկիչներն» Աֆղանստան են մեկնում Երեւան-Աշգաբադ-Քաբուլ չվերթով եւ նմանօրինակ խելագարություններ։ «Զերկալո» թերթի երեկվա համարից տեղեկացանք, որ 2002 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է «Հայոց ցեղասպանության դեմ արդարության համար պայքարող մոջահեդ մարտիկներ» ահաբեկչական կազմակերպությունը, որի թիրախ են դառնալու արտերկրում ադրբեջանցի դիվանագետները։ Նովրուզօղլուն գրում է, որ հայ մոջահեդներին աջակցություն են հայտնել ՀՀՇ-ի առաջնորդ Վանո Սիրադեղյանը, ԱԺՄ-ից Վազգեն Մանուկյանը, այլ գործիչներ։ Ըստ Նովրուզօղլուի, որը, ինչպես նկատում ենք, Վանո Սիրադեղյանի համերկրացին է, Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտերկրում «հայ մոջահեդները» պետք է քարոզչություն տանեն «հայ ժողովրդի թշնամի» Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Ինչպես նկատում ենք Նովրուզօղլուի օրինակով, Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոսկերչական աշխատանք են տանում։ Այնպես որ, պնդումը, թե ադրբեջանցիները միայն կանաչի ծախել գիտեն, այնքան էլ ազնիվ չէ։