Կրասնոդարի երկրամասի ներգաղթի ծառայությունում մեսխեթցի թուրքերի առաջնորդներին առաջարկել են ներգաղթյալի քարտեր լրացնել։ Ծառայության ներկայացուցիչն Ինտերֆաքսի թղթակցին հայտնել է, որ այդ քարտերը նախատեսված են ՌԴ մտնողների եւ քաղաքացիությունից զուրկ անձանց համար։ Ըստ այդմ, Կուբանում մեսխեթցի թուրքերին կարող է շնորհվել 90 օրվա ժամանակավոր գրանցում։
ՌԴ ազգային հարցերի նախարար Վլադիմիր Զորինի տվյալներով, Կրասնոդարի երկրամասում բնակվում են 21 հազար մեսխեթցի թուրքեր։ 1944 թ. նոյեմբերին Վրաստանի հարավից մեսխեթցի թուրքերին աքսորել էին Միջին Ասիա։ 1989 թ. ազգամիջյան բախումներից հետո ավելի քան 90 հազար թուրքեր եկան Ռուսաստան։
Մոսկվայում գտնում են, որ մեսխեթցի թուրքերի խնդիրն անհնար է լուծել առանց Վրաստանի եւ միջազգային կազմակերպությունների մասնակցության։ 1999 թ. Եվրախորհուրդ ընդունվելիս Թբիլիսին ստանձնեց մի շարք պարտավորություններ, այդ թվումՙ տեղահանված մեսխեթցի թուրքերի հայրենադարձման վերաբերյալ։ Ըստ իր պարտավորությունների, Վրաստանի խորհրդարանը պարտավոր էր 2001 թ. օրենք ընդունել մեսխեթցի թուրքերի հայրենադարձման մասին, իսկ մինչեւ 2012 թ. պետք է ավարտվի նրանց վերադարձը Մեսխեթ։