«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ԲՈՋՈԼՅԱՆԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔ ՄԱՄՈՒԼԻՆ

ԱՆԿԱՐԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հօգուտ Թուրքիայի լրտեսության մեղադրանքով Մուրադ Բոջոլյանի 10 տարվա ազատազրկման դատապարտումը թուրքական կողմի բուռն հակազդեցությունն է առաջացրել։ Մասնավորապես, ըստ «Միլլիեթի», հայ դատախազությունը Մոսկվայում գործուղման մեջ գտնվող բոլոր թուրք թղթակիցներին մեղադրել է լրտեսության մեջ։ «Այս լրագրողները 1998 թ.-ին Հայաստան էին գնացել նախագահական ընտրություններին հետեւելու։ Բոջոլյանը վերջիններիս համար թարգմանություններ է կատարել, իսկ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ՀՀ-ին տեղեկացրել է վերջիններիս լրտես լինելու մասին», նշում է աղբյուրը։ Ըստ նույն թերթի, Բոջոլյանի դատապաշտպան Արսենյանը որոշումը բողոքարկելու է գերագույն դատարանում, իսկ մերժման պարագայումՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ «Հյուրիեթի» հրապարակման մեջ նշվում է. «Հայաստանը, բացի Բոջոլյանից, լրտեսության մեջ է մեղադրում Հայաստան այցելող թուրք լրագրողներին, մասնավորապես «Հյուրիեթի», «Միլլիեթի», «Անատոլու» գործակալության եւ «NTV» հեռուստաընկերության թղթակիցներին։

«Աքշամ» թերթն իր ընթերցողներին հավաստիացնում է, որ Բոջոլյանը դատապարտվել է Թուրքիայի լրատվամիջոցներում իր հրապարակումների համար։ Թերթը նշում է, որ ռուսական անվտանգության դաշնային ծառայությունը ՀՀ-ին տեղեկատվություն է փոխանցել CNN Turk հեռուստաընկերության թղթակից, անվանի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի լրտես լինելու մասին։ Ինչպես հայտնի է, Բիրանդը քանիցս այցելել է ՀՀ եւ հարցազրույց վերցրել Հայաստանի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ նախագահներից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4