Ծանր եւ անդառնալի կորուստ կրեց հայ ժողովուրդը։ Երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանը։ Կյանքից հեռացավ գրական եւ հասարակական խոշոր անհատականություն, որի ստեղծագործությունը 20-րդ դարի հայ գրականության բարձրակետերից է։ Մաթեւոսյանի զորեղ ու անկրկնելի արվեստը նշանավորեց մեր արձակի զարգացման որակապես նոր փուլ։
Հրանտ Մաթեւոսյանը ծնվել է 1935 թվականին Լոռվա Ահնիձոր գյուղում։ 1962-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, իսկ 1967-ինՙ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Նրա առաջին գիրքըՙ «Օգոստոս» ժողովածուն, լույս տեսավ 1967-ին։ Այդ գիրքը, ինչպես եւ դրանից առաջ մամուլում տպագրված ակնարկներն ու պատմվածքներն անմիջապես հայտնվեցին գրականագետների, գրչակիցների եւ ընթերցող հասարակայնության ուշադրության կենտրոնումՙ որպես նշանակալի գեղարվեստական իրադարձություն։
1968-ին տպագրվեց «Մենք ենք, մեր սարերը» վիպակը, որի հիման վրա իր գրված սցենարով նկարահանված ֆիլմը դարձավ հայ կինոյի ամենասիրված գործերից եւ նվաճումներից մեկը։ Այնուհետեւ լույս տեսան «Մեր վազքը», «Ծառերը» ժողովածուները, «Աշնան արեւ», «Տերը» վիպակները, որոնց հիման վրա եւս նկարահանվեցին ֆիլմեր։ Այս բոլոր գործերը հայ դասական արձակի եւ կինոարվեստի մնայուն արժեքներ են։
Անուրանալի է Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության եւ լեզվամտածողության ազդեցությունը ժամանակի գեղարվեստական գիտակցության վրա։ Նա առաջատարն ու խորհրդանիշն էր 60-ականներին սկիզբ առած գրական այն շարժման, որը նոր էջ բացեց մեր արձակի եւ ազգային գեղարվեստական մտածողության մեջ։
Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 20 լեզուներովՙ ճանաչում ու համբավ բերելով ոչ միայն հեղինակին, այլեւ մեր գրականությանն ու ժողովրդին։
Նա Հայաստանի եւ Խորհրդային Միության պետական մրցանակների դափնեկիր էր, արժանացել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի եւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։ 1996-2001 թթ. Հայաստանի գրողների միության նախագահն էր։
Մեծ գրողի եւ մտավորականի շռայլ տաղանդի արգասիքըՙ նրա ստեղծած պատմվածքները, վիպակները, սցենարները, սերունդների հարստությունն են, հայ գրականության բազմադարյան ժառանգության ոսկե հունձքը, որը մշտապես սնելու է մեր գրական ու գեղարվեստական միտքը։
Կառավարական հանձնաժողով
Հրանտ Մաթեւոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի կազմում են հայ մշակույթի եւ գրականության մեծերը։ Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։