«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2002-12-18 | #233, 2002-12-19 | #234, 2002-12-20


ՀԵՏԱՌԱՔՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Երեկ կառավարության նիստում մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի ներկայացրած 8 հարցերի թվում էր հետառաքումային ստուգման իրավունքի ընդունումը։ Ինչպես հայտնի է, մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածըՙ ներմուծվող ապրանքի արժեքի որոշման մասին, Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան վերափոխվել է, ինչի հետեւանքով ապրանքի արժեքի որոշման համար ավելի քիչ փաստաթղթեր են պահանջվում։ Այդ պատճառով էլ մաքսային կոմիտեին իրավունք տրվեց մաքսազերծումից հետո ստուգում կատարել, ինչը, Արմեն Ավետիսյանի հավաստմամբ, նախատեսված է ԱՀԿ անդամ պետություններից 132-ում։

Անդրադառնալով մաքսային մուտքերի ցուցանիշներին, մաքսային կոմիտեի պետը համոզմունք հայտնեց, որ տարեկան պլանը կատարվելու է եւ փոքր-ինչ գերակատարվելու, չնայած ներկրման ծավալները նվազել են։ Կան ապրանքատեսակներ, որոնց ներմուծումից նախորդ տարիներին 1 մլրդ, 500 մլն դրամի մուտքեր են եղել։ Մինչդեռ այժմ այդ ապրանքներն արտադրվում են տեղում եւ անգամ արտահանվում։

Այն հարցին, թե սկսվե՞լ է եղեւնիների ներմուծումը Վրաստանից, Արմեն Ավետիսյանը պատասխանեց, որ առայժմ դա տեղի է ունենում չնչին ծավալներով։ Սակայն կան հայտեր մեծ ծավալներով ներմուծելու համար։

Կառավարությունը երեկ հաստատել է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագիրը։ Այն ներկայացնելով, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ հատկացված գումարը կազմում է 250 մլն դրամ, այս տարվա 20 մլն դրամի փոխարեն։ Այս գումարները կհանդիսանան պետական երաշխիքներ բանկերի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկերի տրամադրման դեպքում։

Նախարարն այն համոզմունքը հայտնեց, որ եկող տարի կխոսենք այս ծրագրի արդյունքների մասին։ Անցյալ տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բաժինը կազմել է 35 տոկոս։ 1997 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 15 տոկոս։ Առաջիկա տարիներին ակնկալվում է այս ցուցանիշը հասցնել 85¬90 տոկոսի։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4